MediaHub.am-ն ամռանն, իր հետևորդների ուշադրությանը ներկայացնելով Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, օգնում էր հասկանալ, թե ուր այցելել լիարժեք հանգստի համար։ Ամառը մոտեցավ իր ավարտին, և այսօր, Ձեզ ենք ներկայացնում շարքի վերջին՝ քառասունիններորդ տեսարժան վայրը ՝ Դեղձնուտի վանքը, որն հիանալի տարբերակ է ամառը հետաքրքրիր ավարտելու համար։
Դեղձնուտի վանք հոգևոր-մշակութային կենտրոնը գտնվում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9կմ դեպի հարավ-արևմուտք: Ճարտարապետական հորինվածքով, զարդաքանդակների և արտաքին հարդարանքի շնորհիվ համարվում է հայ արվեստի պատմության կարևորագույն մշակութային հուշարձան:
Ըստ արձանագրությունների վանքի կառուցումը սկսվել է 1258թ.-ից, իսկ ավարտին հասցվել 1274թ.-ին.: Համարվում է, որ Դեղձնուտի վանքն իր ծաղկման գագաթնակետին է հասել Մահկանաբերդի իշխան Սադունի տիրապետության օրոք՝ լինելով հոգևոր և մշակութային կենտրոն: Ձեռագրերի հիշատակությունները վկայում են նաև, որ Դեղձնուտի վանքը եղել է գրչության կենտրոն՝ հռչակ ստանալով Առաքել վարդապետի շնորհիվ: Նրա մոտ ուսանելու էին գալիս տարբեր գավառներից, նույնիսկ այնպիսի հռչակավոր հոգևոր կենտրոնից, ինչպիսին էր Գանձասարի վանքը:
13-րդ դարի երկրորդ կեսից հետո պատմական կամ վիմագրական տեղեկություններ Դեղձնուտի մասին չկան: Սակայն վանքի շուրջ՝ ավելի ուշ կառուցված շինությունները, վկայում են այն մասին, որ վանքն իր գործունեությունը շարունակել է նաև հետագայում:
Վանքի շինարարական արձանագրությունները սակավ են՝ կատարված ավերված խաչքարի վրա, որտեղ նշվում է վանքի հիմնադիր՝ Առաքել վարդապետի մասին: Ըստ երևույթին նա հարկ չի համարել դրա մասին վկայելու բոլոր կառույցների հիմնաքարերի կամ պատերի վրա: Խոսելով վանքի հարդարանքի մասին, չենք կարող անտեսել այն փաստը, որ վանքի յուրաքանչյուր կառուցվածքային հորինվածք զարդարված է տարբեր տեսակի՝ բուսական, երկրաչափական նախշերով: