Լրագրող, մոտիվատոր Անի Քոչարն ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.
«Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա, ամրացնում հոգևոր դաշտս, փորձում Տիրոջից մի քայլ անգամ չհեռանալ, որ հաղթեմ:
Ու հավատ ունեմ սրտումս և ո՛չ մի երկմտանք. հաղթելու՛ եմ, Տիրոջո՛վ հաղթելու եմ»:
Հիշեցնենք, վերջերս Անին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր իր առողջական խնդիրների ու կյանքի բարդ փուլի մասին:
«Ես այժմ ունեմ ոչ թե օնկոլոգիական խնդիր, ինչպես շատերի մոտ տպավորություն է, ես ունեմ սրտի լուրջ խնդիր: Դա մեկը չէ, այլ՝ մի քանիսն են: Սիրտն ինքնուրույն չի աշխատում, սրտամկանը թուլացած է: Դեղորայքով պետք է օգնել, որպեսզի այն դիմակայի: Միևնույն ժամանակ կան այլ խնդիրներ՝ աորտայի անևրիզմա, փականային և այլ խնդիրներ:
Անհրաժեշտություն կա նաև վիրահատական միջամտության, սակայն չի արվում, քանի որ դրա համար պետք է առողջ սիրտ, որպեսզի դիմակայի հետվիրահատական ծանր շրջանին: Պետք է նախ սիրտը առողջացնել, որ սկսի ինքնուրույն աշխատել, որից հետո նոր գնալ այդ ռիսկին և վիրահատել:
Այս պահին բժիշկները չեն ուզում ռիսկի գնալ, 4 բժշկի հետ եմ խորհրդակցել: Վերջին խորհրդատվության ժամանակ բժիշկն ինձ խորհուրդ տվեց՝ փորձել այս խնդրին լուծում գտնել արտերկրում:
Հաշվի առնելով, որ երիտասարդ եմ և 2 բալիկ ունեմ, այստեղ շատ մեծ ռիսկի չեն ուզում գնալ: Ինչ կլինի հետո, չգիտեմ, որովհետև կյանքումս փակուղային փուլ է: Մեկնել արտերկիր՝ կյանքս փրկելո՞ւ, թե մնալ բալիկներիս կողքին՝ նրանց բնականոն կյանքը չխաթարելու համար: Բարդ որոշում է: Երբ Աստված մի դուռը փակում է, մյուսը՝ բացում է: Ես սպասում եմ բացվելիք դռանը»,- ասել էր Անի Քոչարը: