Քուչակ գյուղի բնակիչները դեռևս 13-14-րդ դարերում սրբադասել են իրենց աղբյուրների ակունքները և այն անվանակոչել Լուսաղբյուր:
Անվան ծագումնաբանության շուրջ կա մի վարկած, ըստ որի այն իր անունը ստացել է Հռիփսիմյան կույսերի խմբից Լուսիկ անունով կույսի անունից:
Ի դեպ արխիվային լուսանկարներում պահպանվել են մատուռի ամենահին լուսանկարները, որոնցից մեկին նայելիս կառույցի մի հատվածը մարդու դեմք է հիշեցնում, որն էլ տեղացիները նմանացնում են հայկական Արամազդ աստծո դեմքին:
19-րդ դարում մեծ գաղթի ժամանակ հայության քարավանները, երբ անցնում էին Քուչակ գյուղի միջով, քարավանների ուղեկցորդը՝ Մանուկը, լսելով աղբյուրների ջրի քչքչոցը, քարավաններին ձայնում է «Հեյաթի», որը Մակվի բարբառով նշանակում է կանգ առ: Այնուհետև Մանուկը ասում է, քանի-որ այստեղ ջուր կա, ուրեմն նաև կյանք կա, և հենց աղբյուրի շրջակայքում էլ գյուղի առաջին վերաբնակները կառուցում են առաջին տները, դրան զուգահեռ սրբադսվում է աղբյուրի ակունքն ու դառնում գյուղի գլխավոր սրբավայրը:
20-րդ դարի հենց սկզբում կառուցվել է գյուղի գլխավոր եկեղեցին, բայց Լուսաղբյուրի դերն ու նշանակությունը չի կորում քուչակցիների կյանքում: Առ այսօր, երբ գյուղացիները մտադրվում են ուխտի գնալ, նրանց մտքում առաջինը լսվում է ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ անունը: