Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժես չարագործին, որ չի հագենում իմ կորստյամբ, այլ հանապազ չարիքներ է հարուցում և օտարացնելով խափանում է ինձ բարուց և առաքինություններից, հեռացնում է սրբությունից և դուրս հանում հավիտենական կյանքից: Խավարեցնում է աչքերիս լույսը և ապականելով գերում միտքս՝ ինձ մղելով հանցանքների չար ծառայության, և մատնում է անօրեն դահիճների ձեռքը, տանում դեպի չարչարանքի վայրը և նետում մահվան կապանքների բանտը, դնում է խավարասեր սպասավորների մեջ ու կապում մեղքերի պարաններով: Արդ, ի՞նչ կլինեմ ես` եղկելիս, եթե չօգնես ինձ, Տե՛ր:
Նայի՛ր, Տե՛ր, ողորմելիիս ու ողբալիիս, պաղատելիիս ու եղկելիիս, ողորմի՛ր ինձ` անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ հորդ արտասուք գիշերը և շնորհներիդ շողը՝ առավոտյան:
Բա՛ց իմ սրտի խավարած աչքը և բժշկի՛ր հիվանդ հոգիս, ընդունի՛ր մեղավորիս դարձը և մի՛ բարկացիր բազմամեղիս վրա, Տե՛ր իմ Հիսուս: Ջնջի՛ր անթիվ չարիքներս և տո՛ւր բարի շնորհները: Ամեն։