Ի՞նչ եղանակ կլինի Վարդավռին…

«Հուլիսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 1 աստիճանով, տեղումների քանակը՝ զգալիորեն ավել, ինչը նշանակում է, որ ունենալու ենք ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հուլիսի առաջին օրերին արդեն իսկ ունեցել ենք տեղումնառատ օրեր, և հանրապետությունում հատվածներ կան, որ թափվել է ամսական նորմայի կրկնապատիկի չափ անձրև»,- հավելում է նա:

Հարցին՝ տեղումների քանակը մտահոգվելու առիթ տալի՞ս է՝ հաշվի առնելով Տավուշում և Լոռիում տեղի ունեցած հեղեղումները, Սուրենյանը պատասխանում է. «Նման կանխատեսումներ այս պահին չենք կարող անել, այդ կանխատեսումները կատարվում են 1-2 օրվա կտրվածքով: Այսինքն՝ նախ պետք է գնահատվի պրոցեսը, անձրևի ինտենսիվությունը, հողի խոնավության վիճակը, և ոչ միշտ է, որ տեղումնառատ ամիսը ենթադրում է հեղեղումներ, դա շատ այլ գործոններից է կախված»:

Իսկ թե ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, մասնավորապես՝ հուլիսի 7-ին՝ Վարդավառին, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալն ասում է՝ այս պահին գտնվում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 6-ի երեկոն ներառյալ. «Վաղը՝ երեկոյան ժամերից, այդ տաք օդերը կնահանջեն հարավ՝ իրենց տեղը զիջելով Սև ծովի շրջաններից ներթափանցող հերթական տեղումնաբեր ցիկլոնին, որը վաղը երեկոյան ժամերից սկսած՝ մինչև ամսի 11-ը ներառյալ, պտտվելու է Կովկասի՝ Հայաստանի տարածքի վրա: Այդ օրերին հանրապետության մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, այսինքն՝ ոչ ողջ օրվա ընթացքում, օրվա ընթացքում կարող է լինել և՛ անձրև, և՛ ամպրոպ, և՛ հետո՝ արև, և՛ նորից կարճատև անձրև, և այսպես շարունակ: Անձրևները, որ սպասվում են ամսի 7-ին, ևս լինելու են կարճատև»:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հուլիսի 7-ից ջերմաստիճանը կնվազի:

«Եթե այսօր ջերմաստիճանը Երևանում 37 աստիճան է, ապա արդեն 7-ին և դրանից հետո կլինի 30-32 աստիճանի սահմաններում: Իսկ առավելագույն ջերմաստիճանը հուլիս ամսվա համար Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև 40 աստիճան, որը կարող է տևել մեկ-երկու օր, բայց այս պահին դեռ նման բան չի երևում, հակառակը՝ իջնում է»,- ասում է Սուրենյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am