«Լոռին երբեք այսքան կոտրված չի եղել։ Քայլում եմ Քարկոպ գյուղով, Ախթալայով, Ալավերդիով՝ գլխիս մեջ «Աշնան արև» ֆիլմի երաժշտությունն ա հնչում, այդպես ասեմ, որ ավելի պատկերավոր լինի. ամենուր դատարկ, կիսավեր տներ ու նամշահոտ»,- MediaHub-ին պատմում է լոռեցի Սարիբեկ Սարգսյանը։
Մայիսյան ջրհեղեղից մեկ ամսից ավելի ժամանակ է անցել: Մեր զրուցակցի խոսքով՝ բոլոր չափագրումներն արված են, վնասները գնահատվել են, բայց առայժմ խոսում են միայն բնակապահովման մասին։
«Անասունների, թռչունների, այգու, տանն ունեցած գումարի, ոսկու կամ թանկարժեք իրերի մասին ոչ մի խոսք։ Ըսկի տները դեռ չեն չորացել, ուր մնաց վերանորոգեն, լրիվ անտեր վիճակում ենք»,- ասաց նա։
Սարիբեկն ասում է, որ անգամ բազմահարկ շենքերի այն բնակարանները, որոնք չեն վնասվել ջրհեղեղից, այնտեղ անհնար է ապրել։
«Տեսեք՝ որքան ժամանակ է անցել, բայց հոտը խեղդում ա, մարդիկ գիտեմ, որ այդտեղ չեն ապրում տհաճ հոտի պատճառով։ Մեզ հույս ենք տալիս, որ չենք մահացել, մնացած ամեն ինչ վատ ա»,- հավելեց նա։
Նշենք, որ մայիսի 26-ին ջրհեղեղի տակ հայտնված բնակավայրերում ենթակառուցվածքների վերակագնման ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, որից հետո այդ աշխատանքները դադարեցվել են։ Աղետի գոտում վիճակն անորոշ է։