Սուրբ աղոթքով սկսկենք օրը…թող բարին ու խաղաղությունը տիրի մեր ներսում, դիմակայենք իրվա սպասելիք չարի հարձակումներին

Ո՞վ ասաց «Սուրբ Աստուած, Սուրբ և Հզօր, Սուրբ և Անմահ,
որ խաչեցար վասն մեր ողորմեա մեզ»:

Պատասխան. Հովսեփ Արիմաթացին:
Ըստ Հռոմի Նեքտարիոս հայրապետի, երբ Տերը մահացավ խաչի վրա,
Հովսեփ Արիմաթացին խնդրեց Պիղատոսից Տիրոջ մարմինը և գնաց որ
իջեցնի խաչից: Եվ տեսավ, որ անկարելի է Տիրոջ մարմինը իջեցնել խաչից, որովհետև խոցված տեղերը փայլատակում էին: Երբ փորձեց բևեռները դուրս քաշել, մարմնից կրակ ցոլաց, որից Հովսեփը ահաբեկվեց և ետ կանգնեց ու ձեռքերը վեր բարձրացնելով, ահով ու դողով սկսեց աղոթել՝

«Սուրբ Աստուած,Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»:
Սկզբում երբ ասաց՝ «Սուրբ Աստված», այսինքն՝
«Ես Քեզ լոկ մարդ էի կարծում, Դու Սուրբ ես», ընկավ մի բևեռը:
Այնուհետև ասաց՝ «Սուրբ և Հզոր»: Այսինքն՝ «Ես Քեզ տկար կարծեցի,
Դու հզոր ես», որից հետո ընկավ երկրորդ բևեռը:
Եվ դարձյալ ասաց՝ «Սուրբ և Անմահ»: Այսինքն՝ «Ես Քեզ մահկանացու
կարծեցի՝ Դու անմահ ես»:

Այս խոսքերը երեք անգամ ասելուց հետո ընկնում են բոլոր բևեռները,
և Սուրբ Մարմինը իջնում է Հովսեփի բազուկների վրա: Նա էլ, ըստ օրենքի, պատեց մարմինը ու դրեց գերեզմանի մեջ:

Թեպետև հրեաները Քեզ լոկ որպես մարդ սպանեցին, Դո՛ւ Սուրբ
Աստված ես և ոչ սոսկ մարդ, որ մարդացար սուրբ Կույսից: Թեպետ Քո
կամքով տկարացար և Քեզ հանձնեցիր խաչողների ձեռքը, Ամենազոր
ես, որ հաղթեցիր բանսարկուին: Թեպետ մարմնով մեռար և գերեզմանի
մեջ դրվեցիր՝ Սուրբ, Անմահ ու Անապական Աստված ես, որ անմահացրիր
մեզ Քո մարմնանալով: Դո՛ւ, որ Քո կամքով խաչվեցիր մեզ համար, նույն
սիրով ողորմյա մեզ:

Երեք անգամ ասելով՝ «Սուրբ, Սուրբ, Սուրբ և Հզոր», Հոր և Սուրբ
Հոգու կամքի միությունն ենք հայտնում Որդու խաչվելու կապակցությամբ:
Իսկ ասելով՝ «Սուրբ և անմահ, որ վասն մեր խաչեցար,ողորմիր»,
հասկանում ենք, որ Հոր և Սուրբ Հոգու կամքով, աշխարհին կյանք տրվեց:

Իսկ երեք անգամ «խաչեցար» ասելով՝ ամրանում ենք հրեղեն
պարսպով, որը պատում է Եկեղեցին: Եվ փոխանակ գառների
զոհաբերության՝ ըստ հին օրենքի, որ մատուցվում էին ամեն առավոտ և երեկո,
այժմ Եկեղեցին մատուցում է իր շուրթերի պտուղը՝ խոստովանելով
Փրկչի չարչարանքները: Այսպես ամեն օր հիշում ենք Նրա երախտիքները,
որ մեզ համար խաչվեց, քանի որ խաչը Քրիստոսի փառքն ու պսակն է և քրիստոնյաների պարծանքը և ոչ թե նախատինքը: Ըստ
Սողոմոնի՝ «Նայեցեք արքայի պսակին, որ նրանով պսակվեց»: Նաև
Ինքն է ասում՝ «Հա՛յր, փառավորի՛ր Քո Որդուն» (հմմտ. Հովհ. ԺԲ 28),
և ձայն լսում երկնքից՝ «Փառավորեցի» (հմմտ. Հովհ. ԺԲ 28)՝ խաչը ի
նկատի ունենալով: Առաքյալը ասում է՝ «Սակայն քա՛վ լիցի, որ ես
պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»
(Գաղատ. Զ 14):

Այս ամենը նախապես իմանալով՝ Սուրբ և Առաքելական Եկեղեցին
ասում է. «Սուրբ Աստուած, Սուրբ և Հզօր, Սուրբ և Անմահ, որ խաչե-
ցար վասն մեր ողորմեա մեզ»:
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ
Արված մեր սուրբ հայրերի կողմից:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am