Անցած տարի այս օրերին Արցախը դեռ հույս ուներ, Արցախը դեռ հայկական էր…..
Ինն ամիս արցախցիներն ապրում էին էլեկտրաէներգիայի, գազի և սննդի բացակայությանը հարմարված, սակայն այնքան էին կապված իրենց հայրենիքին, որ էլի կապրեին այդ պայմաններում, միայն թե չլիներ տարհանումը։ MediaHub-ի հետ զրույցում արցախցի մեր զրուցակիցը ներկայացրեց կյանքը շրջափակման օրերին։
Արցախցի 43-ամյա կնոջ կյանքում հացի սղությունը, հոսանքի հովհարային անջատումները առաջին անգամ չէին։ «Ես այս ամենը տեսել էի նաև արցախյան պատերազմի ժամանակ։ Օրերով լույս չէր լինում, լամպի տակ էի դաս սովորում։ Ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է, միայն մարդիկ են մեծացել ու փորձ ձեռք բերել»,- ասում է նա:
Հիշում է՝ երեխաները, երբ դպրոցից տուն էին գալիս, ասում էր՝ «սովորեք դասերը, քանի լույս է»։
«Սպասում էի, որ լույսերը տան, հաց պատրաստեմ, տունը հավաքեմ, ջուր տաքացնեմ. ամեն ինչ իրենք էին մեր տեղը որոշում, մեզ մնում էր միայն հարմարվել»,- ասում է կինը, ապա շարունակում, որ նախօրոք նայում էր հաջորդ օրվա գրաֆիկը, որպեսզի իմանա՝ երբ պետք է ճաշը պատրաստի, որպեսզի երբ աշխատանքից գա, այն պատրաստ լինի։
«Առավոտյան արթնանում էի, տեսնում լույս չկա, ինչի՞ վրա թեյ տաքացնեմ. ամեն օր նույնը: Լավ է՝ գազի բալոն կար տանը, ջուրը եռացնում էի, լցնում թերմոսը, որ տաք մնա, երեխաները գոնե մի բաժակ տաք թեյ խմեն, այն էլ առանց շաքար»։
Անցած տարի այս օրերին արդեն մտածում էին վառելիք ձեռք բերելու մասին՝ Արցախը մտածում էր ձմռանը պատրաստվելու մասին, որ կարողանան տունը ջեռուցել։
«Մենք գազով էինք տունը տաքացնում, գազ չկար, լույսը ՝ մասնակի, մտածում էինք փայտով տաքացնենք։ Դա էլ էր խնդիր, վառելիքի պատճառով չէին կարողանում փայտ մատակարարել: Լույսերը տանում էին, մոմ էինք վառում, որ տանը գոնե մի լուսավորություն լինի, լքված տան չնմանվի։ Բայց հիմա Արցախն է լքված տան նմանվել…»,- հավելում է մեր զրուցակիցը իր հիշողությունները:
Հիշեցնենք, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 13-00-ի սահմաններում սկսվեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ, որն ուղեկցվեց հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով: Առաջնահերթ թիրախներ էին ընտրվել տարբեր ռազմական օբյեկտները, որոնց ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ էր տարվում:
Ընդամենը օրեր անց Արցախը հայաթափվեց, մարդիկ շտապ լքեցին իրենց տներն ու հողը, տեղափոխվեցին Հայաստան: Արցախն այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ է, թշնամին ամեն օր պղծում է հայի արյամբ ներծծված հողը, վերացնում հայկական հետքը..․
mediahub.am