Մարդիկ Արայի լեռ են գալիս քարանձավի առաստաղից հոսող սուրբ կույսի «արցունքները» հավաքելու ու դրանցով իրենց ցավերը բուժելու հավատով։ Ծաղկեվանքի առաստաղից հոսղ ջուրը երբեք չի կտրվում։ Sputnik.
Արագածոտնի մարզում, Արայի լեռան փեշերին գտնվող բնական քարանձավի առաստաղից հոսող ջուրը մարդիկ սուրբ կույսի արցունքներ են կոչում ու հավատում դրա բուժիչ հատկությանը։ Հավատացյալներն այստեղ են գալիս հենց այդ ջրի զորությանը հավատալով ու դրանից իրենց հետ տանում են՝ հիվանդներին բուժելու հույսով։
«Արդեն քանի տարի է այստեղ եմ, ամեն օր առավոտյան գալիս եմ, երեկոյան գնում, շատ բաներ են տեսել ու լսել»,- պատմում է մատուռ բարձրացող աստիճանների մոտ ձեռագործ հուշանվերներ վաճառող տղամարդը: «Մարդիկ կան, որ ասում են՝ ջուրը տարանք, ցավացող տեղին դրեցինք, ցավն անցավ։ Մարդ կա ասում է՝ ինչ-որ հիվանդություն ունեի, այս ջրով բուժվեցի, ամեն անգամ գալիս են, որ էլի տանեն»,- ասում է Ագուլ անունով ներկայացած մանրավաճառը։Խոսրովի անտառի հսկա բնակիչն ու հեթանոս աստվածուհու բնական լոգարան:
Մեր խոսակցությանը ներկա երևանցի մի կին էլ առավել հակված էր ջրի բուժիչ հատկությունը գիտական տեսակետից մեկնաբանել։ «Այստեղ շատ հզոր մագնիսական դաշտ կա, իսկ ջուրը էներգետիկան կլանելու հատկություն ունի»,- ասաց կինը` ջրին վերագրվող հատկությունը մեկնաբանելով հենց կլանված դրական լիցքերի առկայությամբ։
Արայի լեռան ստորոտի բնական քարանձավի մեջ գտնվող մատուռը հայտնի է «Ծաղկեվանք» անունով։ Հայ առաքելական եկեղեցին այն նաև կույս Վառավառայի մահարձան է համարում։
Ավանդության համաձայն՝ քրիստոնյա Վառվառե կույսը, փախչելով կռապաշտ հորից, թաքնվում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վառվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վառվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Հայ Առաքելական եկեղեցին այս ավանդությամբ է մեկնաբանում Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղիի անվանումը:
Բայց կա նաև ժողովրդական ավադազրույց, որի համաձայն, Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունից: Դրա համաձայն՝ բռնակալ իշխանը փորձել է ուժով տիրանալ գեղեցկուհի Ծաղիկին։ Ծաղիկն էլ, նրանից փախչելով, թաքնվել է Արայի լեռան քարայրում։
Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, ով նրան հայտնել է Ծաղիկի տեղը։ Կորցնելով իշխանից ազատվելու հույսը` Ծաղիկը բարձրացել է ժայռի վրա և ցած նետվել։
Ըստ այս ժողովրդական ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոց քարայրի առաստաղից սկսել է ջուր հոսել, որն, ըստ հավատացյալների, նահատակ կույսի արցունքներն են։
Sputnik Արմենիա