Թող գան, վերցնեն, ով ցանկանում է. Բագրատ Գալստանյանը՝ շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցելու մասին

Բագրատ Գալստանյանը Factor-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե իշխանությունների հետ կհանդիպի, երբ նրանք ցանկանան։

Հարցին՝ որևէ փուլում շարժման ղեկավարությունն արդյոք կփոխանցի՞ քաղաքական ուժերին, նա ասել է. «Թող գան, վերցնեն, ով ցանկանում է։ Ես բոլորի հետ խոսում եմ, բացի իրենց քաղաքական, հասարակական գործիչ լինելուց, անձնական մտերմություն էլ ունեմ բոլորի հետ անխտիր»։

Գալստանյանը նաև տեղեկացրել է, որ կաթողիկոսի հետ պարբերաբար հանդիպում է, վերջին անգամ նախօրեին է հանդիպել:

Ավելի վաղ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արքեպս․ Գալստանյանի հետ։

Բաբաջանյանը հույս էր հայտնել, որ Գալստանյանը ականջալուր կլինի վեհափառի և սրբազան հայրերի հորդորներին, կգտնվի իր եկեղեցական կոչման բարձրության վրա, թույլ չի տա սասանել Ամենայն հայոց կաթողիկոսական գահը և հայ եկեղեցու հեղինակությունն ու վարկը։ Այս կերպ Բաբաջանյանը ակնարկել էր, որ եկեղեցու բարձր դասը այնքան էլ չի աջակցում Գալստանյանի քայլերին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am