ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության գլխավոր վարչության դիմաց։ Վերջինս ցանկանում է տեղեկանալ, թե ինչու բաց չեն թողնում երկու օր առաջ պարեկային ծառայության տուգանային հրապարակ տեղափոխված Սահմվել Կարապետյանի հարազատների մեքենաները։
Պարեկային ծառայության դռները և դարպասները փակ են և չեն արձագանքում պատգամավորի և իր մեքենաների հետևից եկած քաղաքացիներին։
Քաղաքացին զանգահարեց նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակ, հայտնելով, որ իր իրավունքները ոտնահարվում են, մեքենան տարել են տուգանային հրապարակ և դռները չեն բացում, որպեսզի պարզաբանում տան մեքենաների ճակատագրի վերաբերյալ։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զանգահարում է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին, որը չի պատասխանում հեռախոսազանգերին։
«Երևի Նիկոլ Փաշինյանը հերթական SMS-ն է ուղարկել, որ Պարեկային ծառայության դռները չբացեն»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Արդեն ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական շենքից դուրս գալուց հետո Դանիելյանն ասաց. «Ինձ ասում են. «Ճշտումներ ենք անում, Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք, այս պահին որևէ այլ բան չենք կարող ասել»։ Հարցնում եմ՝ մեքենաները տուգանային հրապարակ տանելու պատճառները, չեն կարողանում ասեն, հարցնում եմ՝ ինչքան ժամանակով եք պահելու, չեն կարողանում ասեն, հարցին՝ ինչ իրավական հիմքերով եք տարել, պատասխան չունեն։ Ոչ մի հարցի պատասխան էս մարդիկ չունեն Էս մարդկանից ավել չեմ էլ կարող պահանջել, որովհետև նրանք հրաման կատարող են։
Բառիս բուն իմաստով մարդու մեքենան առևանգել են, ես ուրիշ բացատրություն չեմ կարող տալ։ Սրբազան շարժման ժամանակ էլ մեքենաները տարան և ամիսներով պահեցին։ Բոլոր այն մարդիկ, որոնք իրավախախտում կկատարեն և կմտածեն, որ հայ մարդուն իր տան, մեքենայի մեջ կարող են նման կերպ վերաբերվել, էդ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվելու, Նիկոլը սաղին փուռն է տալու»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։