Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ներկայացրել է Գևորգ Կարապետյանի պատմությունը։ Պատմվածքի հեղինակը 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանն է։
«Գյումրի քաղաքում ձմռան ձյունոտ առավոտ է բացվել։ Գևորգը պրոթեզը հագնում, մաքուր սափրվում ու գնում է Ամասիայի շրջանի դպրոցներից մեկում աշխատանքի։ Այդպես 14 տարի ամեն առավոտ, դպրոցի տնօրենն էր, չէր կարող ոչ մի օր բացակայել: «եղել է՝ մեքենան թաղվել է ձյան մեջ, իջել պրոթեզին հենվելով հրել հանել ենք»,- պատմում է Գևորգը։ Գևորգ Կարապետյանը Գյումրիում է ծնվել։ Մայրը բուժքույր է, հայրը՝ մեխանիկ-վարորդ: «Մեծ գրադարան ունեինք։ Մայրս նաև ստեղծագործում էր»։ «Մինչև հայրենիքիդ հանդեպ պարտքդ չկատարես, ինձ մայր չանվանես»… Գևորգը իր բանակ գնալու առիթով մոր գրած բանաստեղծության վերջին տողերը երբեք չի մոռանում։
Գևորգի պատանեկության ավարտը համընկավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետ. «1988թ-ին մեր տունը փլվեց-գետնին հավասարվեց, հայրս նորը կառուցեց ու տարիներ անց մի հսկա շենք բարձրացավ փլատակներից՝ հորս արդար վաստակի արդյունքը։ Հայրս աշխատասեր մարդու իդեալ է, 75 տարեկան է, բայց դեռ աշխատում է՝ բեռնատար գազելով բեռնափոխադրումներ է անում»,- պատմում է Գևորգը։
1997-ին Գևորգը ծառայության զորակոչվեց։ Հետպատերազմյան խառը շրջանն էր, անընդհատ կրակոցներ, ականապատ հող՝ «ջոկի տղերքով կատարեցինք մարտական խնդիրը, որի համար չեզոք տարածք անցանք ու պայթեցի ականի վրա»: Գևորգը ոտքը կորցրեց ծնկից վեր ու սկսվեց բուժումների մի երկար ընթացք. «Մորս խաթր պայքարեցի, պրոթեզավորվեցի, ոտքի կանգնեցի, սրտի խնդիր ուներ, վախենում էի նեղացնեմ, սիրտը չդիմանա»,- պատմում է Գևորգը։
«Եկեղեցի ուշ-ուշ կերթամ, բայց «Հայր մեր»-ը միշտ շուրթիս է, ինձ Աստված պահեց, ոտքի հանեց»։
Վիրավորվելուց ամիսներ անց արդեն Գյումրիի դպրոցներից մեկում ռազմագիտության ուսուցիչ էր Գևորգը։ Այդ դպրոցում էլ հանդիպեց ապագա կնոջը։ «Փախցնելու օրը կինս կու լար օր գա մեր տուն, 20 տարի է ես կու լամ օր հետ երթա, չի երթա»,- կատակում է։
Տարիների քրտնաջան աշխատանքն ու նվիրումը գործին Գևորգին տնօրեն դարձրին. «Սկզբում Ամասիայի շրջանում տնօրեն նշանակեցին, հետո Գյումրիում, բայց ես միշտ ուսուցիչ մնացի, ուսուցչի գործն եմ սիրում, աշակերտներիս, աշակերտներից սովորելն ու սովորեցնելը», -ասում է Գևորգը։
Մինչև օրս Գևորգը Գյումրու 37 դպրոցի վարչական տնօրենն է։ «Իսկ երբ փոխարինում եմ ռազմագիտության կամ ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ օրս տոն է դառնում»,- ասում է երջանիկ աչքերով։
Ֆանտոմային ցավերս են անհետացել, ոտքերս են ձգվել, մեջք ու կոնքերս են ամրացել»: Այժմ Գևորգը Զինվորի տանն է բուժվում։ Կինեզիստը կտրած ու առողջ ոտքի հետ է աշխասում։ Գնդակը տարբեր մկաններով սեղմում է, ամրացնում մկանները… Գևորգը նաև Զինվորի տան պրոթեզարանում պրոթեզավորվեց, ժամանակակից, ֆունկցիոնալ պրոթեզով տուն կգնա։ Գևորգը պայքարի, նպատակներին հասնելու վառ օրինակ է նաև նոր վիրավորների համար: «Սայլակներով բասկետբոլի թիմ ունենք Գյումրիում, միշտ նոր վիրավորներին էլ եմ շահագրգռում, սպորտի օգտակար ոլորտը տանում»։
Մեր զրույցի ընթացքում Գևորգին որդիները տեսակցություն եկան։ Երկու որդի ունի, Երևանամերձ զորամասերում են ծառայում։ Երկուսն էլ հոր ազգանվեր գործի շարունակողներն են»,- նշված է պատմվածքում։