Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին: Գյումրեցի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանի դին այսօր՝ 2019թ․ մարտի 14-ին հարազատ քաղաք է տեղափոխվել:
Համլետը տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Արդեն 6 ամիս էր, ինչ ծառայում էր Ազգային բանակում: Զոհված զինծառայողին հրաժեշտ տալու են եկել ծառայակիցներ ընկերները: Հիշում են Համլետի հետ ունեցած վերջին զրույցները, գյումրեցուն հատուկ կատակներն ու խորհուրդները: Համլետն ընկերուհի ուներ, երազում էր վերադառնալ ու ամուսնանալ սիրելիի հետ: Ծառայակիցներն էլ այդ մասին գիտեին, հիմա ցավով են հիշում զոհված ընկերոջ անկատար մնացած երազանքները:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասում: Շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաաքել եւ ընկել էր ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Համլետ Ավագյանը մահացել էր:
Գյումրեցի Համլետ Ավագյանը արժանացել է Մարտական ծառայության մեդալի: