Հենց իրենց տան բակում ադրբեջանցիները բռնել են Վլադիմիրին, ասել, որ տանում են…ի՞նչ է աղերսել մայրը, որպեսզի չանեն այդ սարսափելի արարքը որդու հետ

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղը Կաշենի հանքավայրի հարևանությամբ գտնվող համայնքներից է։ 44-օրյա պատերազմից հետո թշնամական դիրքերը հայտնվել էին գյուղի դիմահայաց բարձունքներին, իսկ շրջկենտրոնին կապող ճանապարհը փոխել էր ուղղությունը։ Համայնքի ղեկավար Սասուն Վանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այդքանով հանդերձ մարդիկ այնտեղ շարունակեցին ապրել՝ պայքարելով, դիմակայելով ամենօրյա կրակոցներին, սադրանքներին, իսկ վերջին շրջանում՝ նաև շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին։

«Այս պատերազմն ուրիշ էր թե՛ կիրառվող զինատեսակների առումով և թե՛ ընտրված թիրախներով։ Կրակում էին անկանոն, գուցե խուճապ առաջացնելու նպատակով։ Գյուղի ուղղությամբ ևս հրթիռներ եկան։ Կեսօր էր, ամենքն իրենց բան ու գործին։ Գյուղի երիտասարդների հետ մենք կազմակերպեցինք Ճանկաթաղի ինքնապաշտպանությունը։ Այդ ժամանակ մարդկանց մի մասը, ովքեր մեքենա ու վառելիք ունեին, դուրս եկան գյուղից, մյուսները տեղափոխվեցին մեր գյուղի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահների հենակետ, մի մասն էլ մնացին ապաստարաններում»,- պատմում է Սասուն Վանյանը։

Նրա խոսքով՝ գյուղից հենակետ գնալիս կանանցից մեկը բեկորային վիրավորում է ստացել։

Բարեբախտաբար, ողջ է մնացել, իսկ մարտերը չէին դադարում Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Ճանկաթաղի ու հարակից գյուղերի տղամարդիկ բանակի ու աշխարազորի հետ ծանր մարտեր են վարել։ Այստեղ էլ ճանկաթաղցի մեկ աշխարազորային ստանում է վիրավորում։

«Երեկոյան ժամը 9-ի կողմերը եկել եմ գյուղ, որ կազմակերպեմ տարհանումը, որովհետև ադրբեջանական զորքի առաջխաղացման հավանականությունը մեծ էր, հասել էին Ճանկաթաղի մատույցներին։ Երբ հասա մեր տան մոտ, տեսա, որ նրանք, ովքեր մնացել են հավաքվել են մեր տանը՝ մոտ 30 երեխա, իրենց ծնողներն ու տարեց մարդիկ։ Նրանց կյանքը փրկելու համար ոտքով բոլորս միասին հասանք հարևան Վարդաձոր։ Այնտեղ էլ իրավիճակն ահավոր էր։ Կապ չկար։ Ես վերցրել եմ հեռախոսը, որ բարձր տեղից կապ բռնեմ, խոսեմ ղեկավարության հետ, ու տեսել եմ Կաշենի հանքավայրով դեպի Վարդաձոր առաջ շարժվող ադրբեջանական զորքին»,- հիշում է մեր զրուցակիցը։

Գյուղում գտնվող տղամարդկանց հետ համայնքի ղեկավարը «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով բոլորին հազիվ տեղավորելով, ճանապարհում է Մեհմանա։

«Այդ ընթացքում մեքենայի վրա կրակում են որքան ասես։ Իսկ տղամարդիկ, գյուղերի երիտասարդները մարտեր էին վարում արդեն գյուղի տարածքում։ Ճանապարհին ցեխոտ մի հատվածում մեքենան արգելակվում ու առաջ չի շարժվում։ Մեր բնակիչները ոտքով են անցնում անտառային ճանապարհը։ Դա իմ երբևէ տեսած ամենացավոտ տեսարանն էր։ Այդտեղ մեզ օգնության է հասնում նաև զինծառայող մի տղա ու «Ուրալ» մակնիշի մեքենայով բնակչության տարհանումը կազմակերպում։ Դժվար էր այդ ամենը տեսնելը, բայց ստիպված էինք, որովհետև այլընտրանք չկար, իսկ մենք ապրել էինք ուզում։ Կես ժամ եթե ավել մնայինք այնտեղ, հավատացեք, այլևս դուրս չէինք գա»,- ասում է Սասուն Վանյանը։

Ըստ մեր զրուցակցի, դեպքերը, որի միջով անցել են բնակիչները, ավելի ցայտուն ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վավերագրող ֆիլմերում։ Վանյանի խոսքով՝ երիտասարդները մինչև ուշ գիշեր շարունակել են մերձամարտ վարել գյուղի տարածքում։

«Ադրբեջանական զորքն արդեն Ճանկաթաղում էր։ Բնակիչներից մեկն իր մոր հետ դուրս չէին եկել։ Նկատելով, որ կրակահերթերը մոտեցել է տներին, նրանք գնացել են հարևանի տուն և տեսել, որ ոչ ոք չկա այնտեղ։ Հենց իրենց տան բակում ադրբեջանցիները բռնել են Վլադիմիրին, ասել, որ տանում են մորթեն։ Նրա մայրը՝ Արաքսյան, ադրբեջաներեն լեզվով հաղորդկացվել է թշնամիների հետ, աղերսել, որ այդ բանը չանեն։ Վերջիններս ուսումնասիրել ու հասկացել են, որ Վլադիմիրը ծառայող չէ, բաց են թողել։ Վերջիններիս ու ռուսական հենակետում ապաստանած բնակիչներին խաղաղապահները տեղափոխել են Իվանյանի կենտրոնակայան, այնտեղից էլ սկսվել է գաղթը դեպի Հայաստանի Հանրապետություն»,- հավելում է Սասուն Վանյանը։

Արցախում, հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում այսօրինակ դեպքերը շատ են։ MediaHub-ը շարունակում է ներկայացնել արցախցիների կյանքի իրական պատմությունները՝ ըստ ականատեսների ու ցեղասպանությունը վերապրածների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Urbat.am
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: