Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:
Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Նախագծի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Մասնավորապես՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով:
Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Վերջիններիս տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների և վարորդի համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու (փակ պահելու) հրահանգները:
Նախագծերն օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։
Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսանմանվի տուգանք: Համապատասխան նախագիծն արդեն առկա է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո տուգանքների կիրառումը կիրականացվի: