Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ուժն ու մատուռ տանող բարդ ճանապարհը

2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:

Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:

Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ:

Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:

Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին:

 

Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջբոլորը:

 

Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: «Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am