«Հայորդի» ճամբար․ հայրենիքով լի ժամանց՝ պատերազմում նաhատակված հերnսների երեխաների համար

Հուլիսի 29-ից «Հայորդի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Հանքավանում մեկնարկել է ամառային մանկապատանեկան ճամբար, որին մասնակցում են Հայաստանի ու Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների զավակները։

MediaHub-ի հետ զրույցում ճամբարի նախաձեռնող թիմից կամավոր Սյուզաննա Սարիբեկյանը նշեց, որ երեխաների ընտրության հարցը հայորդիականների համար եղել է սկզբունքային։

«Ճամբարականները պատերազմների ընթացքում մարդկային կորուստ կրած ընտանիքների անդամներ են։ Մեր նախաձեռնող թիմը՝ Վաչե Վարդանյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ երեխաների օրը հագեցած լինի, ու կարծում եմ հաջողում ենք»,- նշեց նա։

Ճամբարի գաղափարը Վաչե Վարդանյանինն է։ Դեռ 2020 թվականի պատերազմից հետո «Հայորդին» հանդես էր գալիս մի շարք բարեգործական-հայրենասիրական ծրագրերով։ Սյուզաննայի խոսքով՝ նախորդ տարի ևս ճամբարում էին, երբ Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի վրա։

«Բռնի տեղահանությունից հետո ճամբարի տարածքը վերածվեց կացարանի։ Այն տրամադրեցինք անօթևան մնացած մեր հայրենակիցներին և նրանք երկար ժամանակ բնակվեցին այստեղ։ Բացի այդ տեղահանված արցախցիների համար «Հայորդին» տարբեր բարեսիրական նախաձեռնություններ կյանքի կոչեց, օգնության ձեռք մեկնելով դրա կարիքն ունեցող հարյուրավոր ընտանիքների»։

Ճամբարի յուրաքանչյուր հոսքում ընդգրկվել է 100 երեխա։ Մեկշաբաթյա հերթափոխի ծրագիրը գերհագեցած է ու գոհացնում է նաև ծնողներին։

«Մեր երեխաներին միավորում է կորստի ցավն ու խաթարված մանկությունը, պատերազմ կոչվող չարիքը նրանցից խլել է մեկից՝ հորը, մյուսից՝ եղբորը, իսկ արցախցի երեխաներից նաև իրենց ծննդավայրը։ «Հայորդին» իր ամբողջ թիմով նպատակ է դրել ժպիտ նկարել մեր երեխաների դեմքին, ինչու չէ՝ նաև հույս ներշնչել, որ խավարից հետո անպայման լուսաբաց է լինում։ Գիտե՞ք, ծանր պահերին հաճախ մարդկանց ոչինչ պետք չի լինում, բացի մի նախադասությունից, որ դու մենակ չես, ես կամ քո կողքին։ Ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ Հայկիս ու բոլոր երեխաների առօրյան փոխելու համար»,- MediaHub-ին ասաց պատերազմում ամուսին կորցրած Նունե Շահնազարյանը։

«Հայորդի» ճամբարում երեկոներն ընդմիջվում են հայտնի ու սիրված կատարողների երգ-երաժշտությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am