Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց ևս մեկ հաղթանակ ավելացնել Հայաստանի մարզական պատմության մեջ

Մինչ հայ մարզիկներն այս օրերին հաղթանակի համար պայքարում են Փարիզի օլիմպիական խաղերում, Հայաստանը ևս հետ չի մնում սպորտային իրադարձություններից։ Օրերս Երևանում կայացել է խառը մենամարտերի առաջնություն, որը կազմակերպել է իսպանական «Միքս ֆայթ» կազմակերպությունը։

Աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած մարզիկներն ուժեղ մրցապայքար են մղել միմյանց հետ։

Ընդհանուր 12 մենամարտ, 5 գլխավոր մենամարտ ու Հայաստանի համար պատվավոր առաջին տեղեր։ Նրանցից մեկը` 80 կգ քաշային կարգում, արցախցի Թաթուլ Ավագյանն էր։

«Պրոֆեսիոնալ ռինգում հաղթական մենամարտ էր Ուզբեկստանը ներկայացնող Միրզատիլլա Էգամնազարովի հետ։ Նա ուժեղ մարզիկ էր ու բավականին լավ պատրաստված։ Սակայն, հենց առաջին ռաունդը դեռ չավարտված, ժամանակից շուտ նոկաուտով հաղթել եմ»,- MediaHub-ին ասաց մարզիկը։

Արցախում երկար տարիներ Թաթուլ Ավագյանը զբաղվել է խառը մենամարտերի մարզաձևով, մարզվել ու բազմիցս մասնակցել է տարբեր միջազգային առաջնությունների, ներկայացրել Հայաստանը, միաժամանակ մարզել՝ խառը մենամարտերով հետաքրքրված պատանիներին ու երիտասարդներին։ 2023-ին՝ արցախյան հայտնի իրադարձություններից հետո, Թաթուլն ընտանիքով ապաստանել է Երևանում և այժմ մարզիկի իր կարիերան շարունակում է այստեղ։

«Ցանկացած մարզիկի համար գլխավոր հանգրվանը հաղթանակն է, երբ բարձրացնում ես դրոշը։ Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց ևս մեկ հաղթանակ ավելացնել Հայաստանի մարզական պատմության մեջ»,- ընդգծեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am