Ցանկանում եմ ըստ արժանվույն հանդես գալ Օլիմպիական խաղերում և բարձր պահել իմ երկրի պատիվը․ Մալխաս Ամոյան

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Մալխաս Ամոյան
Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և բազմակի մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
-Մալխա՛ս, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

-Շատ լավ: Օլիմպիական խաղերին մոտենում եմ ինչպես մնացած մրցաշարերին: Այս պահին ունեմ նույն հույզերն ու ապրումները, ինչ՝ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններից առաջ: Խորհրդակցել եմ թիմակիցներիս հետ: Ասում են՝ պետք է լավ վիճակում մոտենալ մրցումներին՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Թե որքանով եմ պատրաստ և ինչի եմ արժանի, մրցագորգը ցույց կտա:

-Ի՞նչ է պետք մեդալային հավաքածուն լրացնելու և Օլիմպիական խաղերից ևս մեդալակիր դառնալու համար:

-Այո, Օլիմպիական խաղերի մեդալը պակասում է: Բոլոր մարզիկների համար Օլիմպիական խաղերին մասնակցելն ու առավել ևս չեմպիոն դառնալը երազանք է: Իմ նպատակն էլ դա է, որի համար լավ նախապատրաստություն եմ անցել, մի շարք հավաքներ ենք ունեցել ու քրտնաջան աշխատել սխալների ուղղությամբ: Մնացածը գորգը ցույց կտա:

-Ծանոթ եք Ձեր քաշային կարգում հանդես եկող մյուս ըմբիշներին: Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում:

-Իմ՝ 77 կգ քաշային կարգում, ընդհանուր առմամբ, 16 ըմբիշ ենք լինելու: Բոլորին ինձ մրցակից եմ համարում՝ առանց որևէ մեկին թերագնահատելու կամ գերագնահատելու:

-Փարիզ-2024-ն ինչո՞վ կառանձնանա Ձեզ համար՝ բացի այն, որ կլինի Ձեր առաջին Օլիմպիական խաղերը:

-Հուսով եմ՝ միայն դրական առումով: Մրցումներից հետո կկարողանամ պատասխանել: Ցանկանում եմ ըստ արժանվույն հանդես գալ Օլիմպիական խաղերում և բարձր պահել իմ երկրի պատիվը:

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am