Կարևոր է իմանալ… Ինչպես պայքարել արևային այրվածքների դեմ

Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանվելու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Արևային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:

Արևային այրվածքի նշաններն են՝

մաշկի կարմրություն

բշտեր

Արևային այրվածքներից զերծ մնալու համար պետք է՝

Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հիմնականում, ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում. Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են:

Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին:

Արևոտ oրերին նախապատվությունը տալ մուգ կապույտ հագուստին, քանի որ այս գույնն ունի մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանելու հատկություն:

Այրվածքների և մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:

Այնուամենայնիվ, եթե կան այրվածքներ, պետք է՝

խուսափել այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից,

այրվածքին բուսայուղ և թթվասեր չքսել,

այրվածքի մակերեսին դնել խոնավ գործվածք,

օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց. այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը: