Ոչխարն իր ոտքով գնացել է գայլի դուռը… Թուրքիան էլ ասում է` արի, ախպեր, արի, ես էլ դրան էի սպասում, կեցցես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, Էրդողանն էլ շնորհավորել է գալիք Վարդավառի տոնի առթիվ։ Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին պետությունների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կյանքի կկոչվեն: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը համացանցում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել: Ոմանք ահազանգում են, որ սա հերթական հակապետական քայլն է ՀՀ ղեկավարի կողմից, ոմանք դրական ազդակներ են տեսնում: Զրուցել ենք ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ:

— Համացանցում բուռն քննարկումներ են Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի հետ կապված: Մի մասը պնդում է, թե այն իր մեջ դրական ազդակներ է պարունակում, մյուս մասն աղաղակում է, թե սա հերթական պրոթուրքական քայլն է, որը կարող է լուրջ վնաս հասցնել հայոց պետականությանը:

— Կառարկեմ։ Հավանաբար, դրական մեսիջների մասին խոսում են փաշինյանապաշտները, իսկ բացասականի մասին բարձրաձայնում են ողջամիտ մարդիկ, որոնք հասկանում են, թե իրականում ինչ վտանգներով է հղի այս ամենը:

— Ի՞նչ է այս հեռախոսազրույցը նշանակում:

— Տեղեկացանք արդեն, որ խոսել են այն, ինչի մասին պայմանավորվել էին շատ վաղուց, եւ արդեն ոչ մի հետադարձ քայլի մասին խոսք անգամ չի կարող լինել: Ոչինչ իրագործել չենք կարող: Ոչխարն իր ոտքով գնացել է գայլի դուռն ու ասել` արի միասին, առանց միջնորդների, մեր հարցերը լուծենք: Իհարկե, Թուրքիան էլ ասում է` արի, ախպեր, արի, ես էլ դրան էի սպասում, կեցցես:

— 2020-ի պատերազմի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիան ցանկանում է հերթական ցեղասպանությունն իրագործել: Այս հայտարարության իմաստը ո՞րն էր:

— Նիկոլ Փաշինյանի բանավոր խոսքին առանձնապես պետք չէ ուշադրություն դարձնել, որովհետեւ նա 15 րոպեի ընթացքում կարող է բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ անել: Էլ ուր մնաց 2 տարի առաջվա ասածը քննարկման դնենք: Նա սիտուատիվ քայլեր է անում՝ առանց անցյալը հաշվի առնելու եւ ապագայի մասին մտածելու: Այն ժամանակ խելքն այնպես բրթեց, հիմա էլ այսպես է բրթում: Եթե ինձ որպես մասնագետի հարցնում եք, թե ինչ վտանգներ կան այս հակապետական գործընթացում, ապա ես ասում եմ` մենք բոլոր ոլորտներում ունենալու ենք լուրջ խնդիրներ՝ տնտեսությունից սկսած, վերջացրած գյուղատնտեսությամբ։

«Հրապարակ օրաթերթ»