Հայաստանը 2021 թ. բարելավել է ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը 0.14 միավորով

Բրիտանական Economist Intelligence Unit հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցը, որում նշվում է, որ ընդհանուր առմամբ ժողովրդավարությունը 2021 թ. շարունակել է սրընթաց անկում ապրել։

Ամենամյա հետազոտությունը գնահատում է ժողովրդավարության վիճակը 167 երկրներում հինգ ցուցանիշների հիման վրա՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, մասնակցություն քաղաքական կյանքին, ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: Զեկույցի համաձայն՝ աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն ապրում է ավտորիտար կառավարման պայմաններում, և միայն 6,4 %-ն է վայելում լիակատար ժողովրդավարություն: Ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշը 2021 թ. նվազել է՝ 5.37-ից հասնելով 5.28 միավորի:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2021 թ. բարելավել է ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը 0.14 միավորով՝ 5.49 միավորով հայտնվելով 89-րդ հորիզոնականում և տարածաշրջանում արձանագրելով լավագույն ցուցանիշը: Տարածաշրջանային երկրներից Վրաստանը 91-րդն է (5.12), Թուրքիան՝ 103-րդը (4.35), Ադրբեջանը՝ 141-րդը (2.68):

«Ժողովրդավարության ինդեքս-2021»-ում նշվում է, որ Հայաստանում նախորդ տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամուր հանրային մանդատ տվեցին:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը 2020 թ. պատերազմից հետո երկրում կայունություն բերեց: Դա կառավարությանը թույլ տվեց շարունակել ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը։ «Չնայած արդյունքների բարելավմանը՝ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված մտավախությունները պահպանվում են։ Դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը մարգինալացված է»,- նշվում է փաստաթղթում:

Զեկույցի համաձայն՝ 2021թ. Վրաստանի ցուցանիշը նույնպես նվազել է։ Երկրում նվազել է սոցիալական համախմբվածությունը, և մի քանի բուռն իրադարձություններ խանգարել են ժողովրդավարական գործընթացներին։

Ադրբեջանում, որը զեկույցում դասվում է ավտորիտար ռեժիմների շարքին, հանրային դժգոհությունն ակտիվացել է, իսկ իշխող ռեժիմը դրան արձագանքել է բռնաճնշումներով: Դա հանգեցրել է ոչ ժողովրդավարական գործողությունների հետագա արմատավորմանը և այլախոհության դրսևորումների ճնշմանը:

Թուրքիայի ընդհանուր միավորը վերջին տասնամյակում շարունակաբար նվազում է: Ըստ զեկույցի՝ այն արտացոլում է նախագահ Ռեջեփ Էրդողանի ավտոկրատական կառավարումը, համատարած կոռուպցիան խարխլել է վստահությունը կառավարության նկատմամբ։

«Ժողովրդավարության ինդեքս-2021»-ի լավագույն հնգյակում են՝ Նորվեգիան (9.75), Նոր Զելանդիան (9.37), Ֆինլանդիան (9.27), Շվեդիան (9.26) և Իսլանդիան (9.18): Աղյուսակը եզրափակում է Աֆղանստանը՝ 0.32 միավորով: