«Պարացետամոլը» կարող է «մահացու վտանգ» ներկայացնել․ Գիտնականների նոր բացահայտումը

Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները հետազոտություններ են արել ու եկել եզրահանգման, որ պարբերաբար և երկար ժամանակ «Պարացետամոլ» օգտագործելու դեպքում կաթվածի վտանգ կարող է առաջանալ։

Ըստ շոտլանդացի մասնագետների, «Պարացետամոլի» «սիրահարները» ակամայից մեծացնում են սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը, իսկ արյան զարկերակային բարձր ճնշում ունեցողները՝ նաև կաթվածի վտանգը։

Նման եզրահանգման հիմք են հանդիսացել զարկերակային բարձր ճնշում ունեցող 110 կամավորների մասնակցությամբ անցկացված գիտափորձի արդյունքները։

Երկու շաբաթվա ընթացքում գիտափորձի մասնակիցների մի մասը օրական 4 անգամ՝ «Պարացետամոլ», իսկ մյուս մասը՝ նույնքան անգամ պլացեբո է ընդունել։

Ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել։ Գիտափորձի մասնակիցների երկու երրորդը նաև հիպերտոնիայի՝ բարձր ճնշման դեմ է դեղահաբեր ընդունել։

Արդյունքում գիտնականները պարզել են, որ կամավորների զարկերակային ճնշումը միջինում բարձրացել է։

Հատկանշական է, որ երբ գիտափորձի մասնակիցները դադարել են «Պարացետամոլ» ընդունել, նրանց զարկերակային ճնշումն իջել է այն մակարդակի, որը գիտափորձի սկզբում էր։

Գիտնականները եզրահանգել են, որ կանոնավոր ու պարբերաբար «Պարացետամոլ» խմելու դեպքում սրտի հիվանդությունների կամ կաթվածի ռիսկը մեծանում է 20 տոկոսով։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նույնպես նախազգուշացրել է, որ «Պարացետամոլի» հաճախակի ընդունումը կողմնակի ազդեցություններ կարող է առաջացնել, այդ թվում՝ մաշկի գույնի փոփոխության հանգեցնել։

Չնայած նրան, որ նշված դեղամիջոցը լայն տարածում ու կիրառում ունի, ցավազրկում է, իջեցնում մարմնի ջերմությունը, որոշ մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ընդունում այն, կարող են բարդություններ առաջանալ։