Վրացիները մեր բարեկամնե՞րն են. տեսեք, թե ինչ են նրանք գրել հայերի մասին

Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։

Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։

Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը.

«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար

«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։
Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։

Նշենք, որ հեռուստաընկերությունը պատրաստել էր սյուժե Վրաստանով Ռուսաստան հայկական մածունի մատակարարումների արգելքի մասին։ Նյութի ցուցադրման ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես ադրբեջանական է»։