«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։
Նշենք, որ Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։
Ըստ նրանց՝ Իշխան Սաղաթելյանը պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը», — այսօրվա արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նույնպես հեռացվեց Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։
Նշենք, որ Հակոբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։
Վահե Հակոբյանը ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին. հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, ով կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով հանձնաժողովի բնական գործունեությունը», — այսօրվա արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։