Առանձնատուն, բնակարաններ և 11 հողամաս. պատգամավոր Աննա Մկրտչյանի ընտանիքի ունեցվածքը

Civilnet-ը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վերջերս հրապարակվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը հայտնվեց մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

28-ամյա պատգամավորը հայտարարագրել է վեց միավոր անշարժ գույք, այդ թվում՝ հինգ հողամաս։

Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամների անշարժ գույքը վերջերս դարձել է շահարկման առարկա իշխանական շրջանակներում։ Օրինակ՝ Ազգային ժողովի մայիսի 19-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խոսելով ապօրինի գույքի վերադարձի մասին, անդրադարձել էր Մկրտչյանի և նրա ընտանիքի ունեցվածքին՝ նշելով Քասախում նրանց ունեցած հողակտորների մասին։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է, թե ի վերջո ինչ անշարժ գույք ունի Աննա Մկրտչյանի ընտանիքը։

Աննա Մկրտչյանի կենսագրությունը

Համաձայն պաշտոնական կենսագրության՝ Աննա Մկրտչյանը ծնվել է 1994-ին։ Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 2015-ից աշխատել է պետական տարբեր մարմիններում։ 2015-2019 թթ․՝ ԱԺ իրավաբանական և իրավական փորձաքննության վարչություններում, 2019-20 թթ.՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ։ Մկրտչյանը աշխատել է նաև մասնավոր հատվածում՝ 2017-18 թթ. եղել է BULLSEYE ամսագրի խմբագիր, իսկ 2019-2020թթ.՝ PRIME LAW իրավաբանական ընկերության իրավախորհրդատու:

Կարելի է ասել, որ Մկրտչյանի քաղաքական կարիերան սկսել է 2017-ից, երբ նա ՀՀԿ ցուցակով ընտրվել էր Երևանի ավագանու անդամ։ Իսկ 2021-ի օգոստոսից նա ԱԺ պատգամավոր է։

Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, շուրջ 30 տարի եղել է Երևանի հարևանությամբ գտնվող, շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Քասախ գյուղի ղեկավարը: Նա կալանավորվել է 2021-ի նոյեմբերին և որպես մեղադրյալ անցնում է չորս քրեական գործով։

Անշարժ գույքը՝ հինգ հողամաս և մեկ շինություն

Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ Աննա Մկրտչյանին է պատկանում վեց միավոր անշարժ գույք, այդ թվում՝ միանձնյա սեփականությամբ չորս հողամաս Քասախում և մեկ հողամաս Դավթաշենում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ մեկ շինություն Քասախում։ Հողամասերը ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին։

Մկրտչյանը Դավթաշենում գտնվող 584 քմ մակերեսով հողամասը ձեռք է բերել 2020-ի սեպտեմբերին՝ Քասախի 68-ամյա բնակիչ Քաղցրիկ Ավետիսյանից։ Վաճառքի գինը կազմել է 4,9 մլն դրամ (10 000 դոլար)։ Այս գործարքը ուշագրավ է, քանի որ գինը բավական ցածր է շուկայականից։ CivilNetCheck-ի հետ զրույցում Քաղցրիկ Ավետիսյանն ընդունեց, որ շուկայական գնից էժան է վաճառվել հողատարածքը։ Նա հայտնեց, որ վաճառել է ճարահատյալ իրավիճակում, երբ ամուսնու սիրտը ստենտավորում էին, և իրենք խիստ կարիքի մեջ էին։ Ավետիսյանի փոխանցմամբ՝ հողամասը ստացել էին պետության կողմից։

Մկրտչյանների առանձնատունը

Ինչպես տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթերից, Քասախի Տերյան 4-րդ փողոցում գտնվող Մկրտչյանների առաձնատունը համատեղ սեփականությամբ պատկանում է Աննա Մկրտչյանին, նրա ծնողներին և եղբորը։ Հողամասն ունի 5 717 քմ (0,57 հա) մակերես, որի վրա կառուցվել է բնակելի տուն, լողավազան, տաղավար և ամառային խոհանոց։

Բնակելի տունը, որի կառուցումը ավարտվել է 2009-ին, ունի ընդհանուր 745 քմ մակերես և բաղկացած է նկուղից, երկու հարկից և ձեղնահարկից։ Հատկանշական է, որ գույքը բանկում գրավադրվելիս 2009-ին գնահատվել է 230 մլն դրամ (այն ժամանակվա փոխարժոքով գրեթե 600 000 դոլար)։

Այս հողամասի հարևանությամբ՝ ընդհանուր պարսպի ներսում է գտնվում նաև Աննա Մկրտչյանի մորը՝ Մելանյա Գրիգորյանին պատկանող 5 800 քմ մակերես զբաղեցնող անհասցե հողամասը, որում կա ևս երկու կառույց՝ յուրաքանչյուրը 80 քմ մակերեսով։

Այս երկու հողամասերը փաստացի մեկ անշարժ գույք են։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ Մկտրչյանների առանձանատան հողամասը զբաղեցնում է ավելի քան 11 500 քմ կամ 1,15 հա տարածք։

Ծնողների և եղբոր ունեցվածքը

Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, 2020-ին ներկայացրած հայտարարագրում նշել է 14 միավոր անշարժ գույք, որից 12-ը Քասախում, մեկը՝ Երևանի կենտրոնում, մյուսը՝ Արագածոտնում։ Քասախում նրան պատկանող 12 միավոր գույքից 8-ը հողամասեր են։ Դրանցից երեքը նրան են անցել գնման միջոցով, երկուսը՝ որպես ժառանգություն, իսկ երեքը՝ սեփականաշնորհման միջոցով։ Մկրտչյանը հայտարարագրել էր նաև մեկական առանձնատուն և բնակարան և երկու «հողին ամրակայված այլ անշարժ գույք» Քասախում։

Երևանի կենտրոնում՝ Արամի փողոց 48 նորակառույց շենքում Արա Մկրտչյանին և նրա կնոջը՝ Մելանյա Գրիգորյանին է պատկանում 2012-ին՝ 94 մլն դրամով գնված բնակարան։ Այն զբաղեցնում է 150 քմ մակերես։ Այնտեղ են հաշվառված Աննա Մկրտչյանը և նրա մայրը։ Արա Մկրտչյանը կանխիկ վճարել է 4,3 մլն դրամը, իսկ մնացած մասը՝ 89,7 մլն դրամը, վարկ է վերցրել բանկից։

Արա Մկրտչյանին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է նաև Ապարան համայնքի Քուչակ գյուղում գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Ըստ Կադաստրային քարտեզի՝ այն ունի 9,5 հետկար մակերես և օգտագործվում է որպես արտ, խոտհարք ու արոտավայր։

Կադաաստրից ստացված նոր տվյալների համաձայն՝ Արա Մկտրչյանին ներկայում պատկանում է Քասախում միայն երեք հողամաս՝ 2020-ի 8-ի փոխարեն։ Հողին ամրակայված այլ անշարժ գույքերից մեկն այլևս նրանը չէ։

Աննա Մկրտչյանի եղբոր՝ Հայկ Մկրտչյանին են պատկանում Քասախում մեկ բնակելի և մեկ գյուղատնտեսական նշանակության հողամասեր։

Ինչ վերաբերում է Մկրտչյանի մորը, ապա նրան համատեղ սեփականությամբ պատկանում է Արամի 48 շենքի բնակարանը, Քասախի առանձնատունը, իսկ միանձնա սեփականությամբ՝ առանձնատան պատերի ներսում գտնվող հողամասի շուրջ կեսը։

Արա Մկրտչյանին առնչվող քրեական գործերը

Արա Մկրտչյանը որպես մեղադրյալ անցնում է չորս քրեական գործով, որոնցից առաջինը հարուցվել է դեռ 2019-ի դեկտեմբերին։ Նա կալանավորվել է 2021-ի նոյեմբերին:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Մկրտչյանը, 2003-ին զբաղեցնելով գյուղապետի պաշտոնը, Քասախում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը կեղծ տեղեկանքի միջոցով ներկայացրել է արոտավայր և վարձակալության հանձնել Քասախի մի բնակչի և հետո օտարել այն՝ 783 000 դրամով՝ «էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին»։

Մեկ այլ քրեական գործով՝ Մկրտչյանը տարբեր քաղաքացիներից տեղեկանալով նրանցից Քասախում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին՝ աճուրդային հանձնաժողովի անդամների հետ համաձայնություն է ձեռք բերել և այդ հողատարածքներն իբրև թե աճուրդի արդյունքներով իր մտերիմներին օտարել՝ հետագայում դրանք նշված քաղաքացիներին ավելի բարձր արժեքով վերավաճառելու համար։

Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հոդվածներով։

Մեկ այլ քրեական գործով, որն արդեն դատարանում է, Մկրտչյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով Քասախի համայնքապետ, օգտագործելով համայնքի բնակիչների կողմից իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է 2021-ի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ: