«Մեր մահվան օրը հայտնի չէ: Հոգի՛ իմ, անխուսափելի՛ է այն օրը, երբ պիտի բաժանվես մարմնից: Ե՞րբ է դա լինելու՝ ձմռա՞նը, թե՞ ամռանը, քաղաքո՞ւմ, թե՞ գյուղում, ցերե՞կը, թե՞ գիշերը, հանկարծակի՞ է վրա հասնելու, թե՞ նախօրոք պատրաստվելուց հետո, հիվանդությունից, թե՞ դժբախտ պատահարից:
Մենք միայն ստույգ գիտենք, որ անպայման մահանալու ենք: Աշխարհն այլևս գոյություն չի՛ ունենալու մեզ համար, և այնժամ մեր բոլոր հաճույքները, երկրային ուրախությունները, ունայն կապվածությունները հօ՛դս կցնդեն:
Դու կտեսնե՛ս, կհասկանա՛ս, որ լքում էիր Աստծուն դատարկության համար:
Եվ հակառակը, Աստվածապաշտությունն ու բարեգործությունը այնքա՜ն հաճելի ու ցանկալի կթվան:
«Ինչո՞ւ ես չէի ընթանում այդ հրաշալի ճանապարհով», — կմտածես դու:
Այն մեղքերը, որ աննշան էիր կարծում, սարե՛ր կհամարես, իսկ բարեպաշտությունդ՝ այնքա՜ն խղճուկ:
Մտածի՛ր այն տխուր պահի մասին, երբ հոգին հրաժեշտ է տալիս աշխարհին, հարստությանը, վայելքներին, ընկերներին, հարևաններին, երեխաներին, կնոջը, ամուսնուն, բոլոր արարածներին, և վերջապես՝ մարմնին, որ վերածվելու է մի գունատ, անկենդան, տգեղ դիակի: Մտածի՛ր, թե ինչպե՛ս են շտապելու այն թաքցնել հողի տակ:
«Տե՜ր, խաղաղությո՛ւն տուր նրա հոգուն», — կասեն մարդիկ: Ընդամենը՝ այդքա՛նը, կամ՝ «Ո՛վ մահ, ի՜նչ անողորմ ես դու»:
Մտածի՛ր այն մասին, որ հոգին մարմնից բաժանվելուց հետո պիտի գնա կա՛մ աջ, կա՛մ ձախ:
Ո՞ր ուղղությամբ կգնա քո հոգին: Ա՛յն ուղղությամբ, որի սկիզբը դրվել էր դեռ այս կյանքում:
Այսպե՛ս աղոթիր. «Տե՜ր, օգնությա՛ն հասիր ինձ այդ ահարկու օրը, թեկուզ՝ իմ կյանքի մնացած ժամերը տխուր լինեն, բայց այդ ժամը լինի խաղաղ ու երջանիկ»:
Ես չե՛մ ուզում կապվել քեզ, աշխա՜րհ, որովհետև չգիտեմ, թե ո՛ր ժամին եմ բաժանվելու քեզնից: Իմ թանկագին ընկերներ, ես ուզում եմ ձեզ սիրել այն սուրբ սիրով, որ հավիտենական է, ես չե՛մ ուզում այնպիսի բարեկամություն, որ պիտի ընդհատվի ու անհետանա:
Ես ուզում եմ նախապատրաստված դիմավորել այդ ժամը և հոգալ, որ իմ անցումը այլ աշխարհ ուրախաբեր լինի…» (Սուրբ Ֆրանցիսկոս Դը Սալ):