Այս զորակոչին Հայաստանից Արցախ զինակոչիկները չեն մեկնի ծառայության։
ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է պայմանագրային զինծառայողներով:
«Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռանն զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը։ Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ»,-ասաց նա։
Սահակ Սահակյանի խոսքով՝ Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա՝ պայմանագրայիններով համալրվում է Արցախի պաշտպանության բանակիի թափուր հաստիքները:
Ըստ նրա՝ ՊՆ-ի ու ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը է, որ ժամկետային զինծառայողներին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանենք։
«Մենք նման փորձ ունենք նաև Հայաստանի հատվածում: Երրորդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողներ այլևս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահության մեջ: ՊՆ-ի ու ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանենք: Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան: Հնարավորությունը կապված է պայմանագրայինների թվաքանակից: Ժամկետայինները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ըստ նշանակության»,-մանրամասնեց Սահակ Սահակյանը: