COVID-19-ը փոխեց երեխաների վարքը. ինչպես հաղթահարել բացասական ազդեցությունները. Հոգեբանի խորհուրդները

Համավարակը բացասաբար ազդեց երեխաների վարքի վրա. մոտիվացիայի պակաս, տրամադրության անկում, տագնապային գրոհներ, կախվածություն՝ հեռախոսներից. սրանք համավարակի ակնհայտ հետևանքներ են, Aysor.am-ի հետ զրույցում պատմել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը:

Ֆիզիկական շփման սահմանափակումներից, ըստ հոգեբանի, առավել շատ տուժեցին առաջին դասարանցիները և դեռահասները:

«Առաջին դասարանցիները այդպես էլ լիարժեք չինտեգրվեցին կրթական գործընթացին, իսկ դեռահասների մոտ էլ սոցիալիզացվելու, հաղորդակցվելու բարդույթները, մոտիվացիայի պակասը սրվեցին. երեխաները հաճախ դժգոհում էին՝ այսօր արթնանամ ի՞նչ անեմ»:
Թեև տանը մնալու արգելքը հեռացվեց, բայց պարբերաբար փակվում են դպրոցները, կազմակերպվում է հեռավար կրթություն, ինչին երեխաները համեմատաբար անլուրջ են վերաբերվում, ասում է հոգեբանը:

«Հեռավար կրթությունը ոչ միայն խաթարում է երեխաների հաղորդակցման հմտությունները, այլ նաև ազդում կրթության որակի վրա: Նվազել են երեխաների պարտականությունները, կարգուկանոնին հետևելու պատասխանատվությունը», — նշում է Անի Ապիտոնյանը։

Մասնագետի հավաստմամբ՝ լոկդաունի ընթացքում սրվեցին նաև ծնող-երեխա, քույր-եղբայր հարաբերությունները. «Ձանձրույթը հարաբերությունների վատթարացման հիմնական մեղավորն է, ժամանակի հետ այլընտրանքի բացակայությունը ստիպեց ընտանիքի անդամներին ելք գտնել իրավիճակում: ժամանցի փնտրտուքը, խաղերի կազմակերպումն օգնեցին հաղթահարել համավարակի հետևանքներն ու նաև ինչ-որ չափով ջերմացնել հարաբերությունները»:

Համավարակը, ապա պատերազմը երեխաների մեջ սրեցին նաև կորստի գիտակցումն ու վախը: Հոգեբանը նշում է՝ այս դեպում հատկապես կարևոր է ծնողի արագ արձագանքը երեխայի վարքային փոփոխությանը:

Մասնագետն առանձնացնում է խնդիրներ, որոնց դեպքում անպայման պետք է դիմել հոգեբանի՝

• երեխայի վարքագծի կտրուկ փոփոխություն (ագրեսիվ վարք)
• տրամադրության անկում
• քնի խանգարում
• սննդից հրաժարում
• մոտիվացիայի պակաս (երեխան հրաժարվում է ռեժիմից, նախընտրելի զբաղմունքներից)