31-ամյա վարորդը ամենաբարձր աստիճանի խմածությամբ 4 մեքենայի ջարդ է սարքել… հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել են Opel Astra, Volkwagen Gold, Honda Elision, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության թիվ 13 բրիգադը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդ՝ Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Քաջիկ Խուրշուդյանին, ով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկների հորդորներից՝ տեղափոխվել հիվանդանոց, հրաժարվել է։

Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։

Մյուս վարորդները ևս ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոը եղել է Opel-ի խմած վարորդը, ով վթարից հետո պարեկների ու տուժած վարորդների ներկայությամբ հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»։