Ինչպես ճիշտ սնվել կորոնավիրուսի շրջանում. Սննդագետի խորհուրդները

Վարակիչ հիվանդությունների ժամանակ մեծ նշանակություն ունի մարդու դիմադրողականությունը, որտեղ սննդակարգը շատ կարևոր դեր ունի։ Պարտադիր պետք է հետևել սննդակարգին, որպեսզի բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց սննդագետ Դավիթ Պիպոյանը։

Իսկ հատկապես Օմիկրոնի պարագայում դիմադրողականությունից բացի շատ կարևորվում է մի շարք վիտամինների առկայությունը և հավելյալ քանակությունը սննդակարգում։

«Կարևոր է, որ ոչ թե հիվանդանանք, նոր սկսենք այդ վիտամիններն ընդունել, այլ՝ մինչ հիվանդությունը ստանանք այնպիսի սննդամթերք, որը պարունակում է վիտամին C, D: Դիմադրողականության համար շատ կարևորվում է նաև վիտամին E-ն, իսկ կորոնավիրուսի դեպքում նաև՝ վիտամին B-ն։ Ցինկը և պղինձը նույնպես ունեն կարևոր դեր և նշանակություն», — ասաց Դավիթ Պիպոյանը։

Նա նշեց, որ մի շարք հետազոտություններ են արվել կորոնավիրուսային հիվանդության ընթացքի և հոսպիտալիզացիայով մարդկանց սննդակարգի վերաբերյալ, և այն մարդիկ, որոնք ունեն անառողջ սննդակարգ, մասնավորապես, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, շատ ավելի ծանր են տանում կորոնավիրուսային հիվանդությունը։

Հետևապես, սննդագետը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ օգտագործումից։

«Դրան հակառակ, խորհուրդ եմ տալիս սննդակարգում ավելացնել ամբողջահատիկ հատիկեղենի քանակությունը, սննդակարգում ունենալ լոբազգիներ, միս, ձուկ, ձու։ Սրանք սպիտակուցների և մի շարք հանքային նյութերի աղբյուր են և մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ են։ Պետք է օգտագործել այնպիսի մրգեր և բանջարեղեն, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ։ Օրինակ, վիտամի C-ի պարագայում ավելի շատ օգտագործում ենք ցիտրուսային մրգեր, բայց անտեսում ենք, որ կանաչ պղպեղը նույնպես վիտամին C-ի հրաշալի աղբյուր է: Եթե գործ ունենք նախավիտամին A-ի հետ, ապա ցանկալի է, որ գազարագույն սննդամթերք ներառենք սննդակարգում, մասնավորապես՝ գազար», — ասաց նա։

Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս նաև սննդակարգում ներառել բրինձ, հաճար։