Մամ, կռիվ ա, չգիտենք ինչ կլինի… Եթե չգամ, դու մենակ չլացես, ուրեմն իմ ճակատագիրն էր

Ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի ծնողներն են՝ տիկին Մարիամն ու ձյաձ Տիգրանը։

Աբրահամը Մադաղիսում սպա էր։ 2020 թվականի սեպտեմբերի 5-ին նրա պայմանագրի ժամկետը լրացել էր ու նա վերադարձել էր տուն։ 22 օր անց սկսվում է պատերազմը։ Ու, չնայած, որ նա կարող էր չգնալ կռիվ, այնուամենայնիվ կամավորագրվում ու մեկնում է։ Կոշիկի քուղերը բակում կապելով հասցնում է միայն գրկել ծնողներին, ու մորն ասում է. «Մամ, կռիվ ա, չգիտենք ինչ կլինի։ Եթե չգամ, դու մենակ չլացես, ուրեմն իմ ճակատագիրն էր»։

Հոկտեմբերի 3-ին, նահանջող զորքի թիկունքը պահելիս, ականանետի կրակից զոհվում է Աբրահամը։ Մինչ այդ էլ հասցրել էր ոչնչացնել թշնամու տարածքում մնացած հայկական հրամանատարական կետի կարևոր քարտեզներն ու փաստաթղթերը, որ թշնամու ձեռքը չընկնեին։

7 ամսի անց միայն՝ 2021 թվականի ապրիլին, Եռաբլուր պանթեոնում մայր հողին հանձնեցի Աբրահամին։ Այդ օրվանից ամեն օր Աբրահամի ծնողները Եռաբլուրում են….

Արամ Գևորգյան