Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում եղել է պալատական ընդդիմադիր… նա նախկին համակարգի պրոդուկտն է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

— Ավարտվեց «Դիմադրություն» շարժման առաջին փուլը: Դեռևս չկա արդյունք՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հետաքրքիր է` Դուք ի՞նչ եք մտածում այս ամենի վերաբերյալ:

— «Դիմադրություն» շարժումը ցուցաբերեց մեր հանրության անհանդուրժողականությունն այն զիջողական քաղաքականության նկատմամբ, որն իրականացնում է իշխող ուժը: Գլխավոր արդյունքն այս ընթացքում այն էր, որ դժգոհության ալիքն իշխանություններին մատուցվեց և նրանք ստիպված եղան փոխել իրենց հռետորաբանությունն ու հրապարակային պահվածքը:

— Այսինքն` շարժումն ինչ-որ չափով տվե՞ց արդյունք, իշխանություններին սթափեցրե՞ց:

— Անհետևանք չթողեց հաստատ: Ինձ համար այդ շարժման մեջ գլխավորն Արցախի շահերի պաշտպանությունն է և ոչ թե այն թեզը, թե դաշնակներն իշխանության գալով կարող են անել ավելին: «Դիմադրություն» շարժմանը ես գնահատում եմ զուտ հայ ժողովրդի շահերից ելնելով: Դաշնակցության համար ըստ էության այս գործողություններն անարդյունք մնացին, քանի որ նրանք իշխանությանն ավելի մոտ չեկան: Իրենք ստեղծեցին խնդիր Նիկոլ Փաշինյանի համար, Փաշինյանն էլ իր հերթին հաշվի առավ, որ երկրում կա անհամաձայնության հոսանք ու մեծ ալիք, որն էլ իր հերթին ազդեց թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, թե մնացյալ խաղացողների վրա:

— Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, սակայն մենք տեսանք, թե ինչպես խաղաղ ցուցարարների վրա նռնակներ նետեցին, կոտրեցին մի քանիսի ոտքը, վնասվածքներ պատճառեցին և այլն: Սա՞ է ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանը:

— 2016 թվականին էլ իմ ոտքն էին կոտրել…. Ես այդ ամենի միջով անցել եմ, գիտեմ ինչ է դա: Չհաշված մյուս հալածանքները, երբ մարդիկ դուրս էին գալիս Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ: Անգամ քաղաքացիների աչքերն էին հանում…. Ինչևէ հիմա էլ համարում են, որ ինչ արել են, լավ են արել: 2016 թվականին Սարի թաղում իմ ոտքը կոտրեցին, հավանաբար հիշում եք, թե քանի մարդ տուժեց ոստիկանների գործողություններից, որը գլխավորում էր անձամբ Լևոն Երանոսյանը, որն առ այսօր համարում է, որ ինքը ճիշտ է արել այդ ջարդը կազմակերպելով:

— Այստեղ մի տարբերություն կա. Սերժ Սարգսյանը երբեք չի հայտարարել, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է:

— Դե դրա համար էլ Սերժ Սարգսյանը տանը նստած է, իսկ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը: Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում եղել է պալատական ընդդիմադիր: Ես իրեն դիտարկում եմ այն համակարգի մաս, որի դեմ ես պայքարել եմ, որի համար կոտրել են իմ ոտքերը, որի համար ինձ բանտարկել են և այլն: Նիկոլ Փաշինյանն այն արատավոր համակարգի մասն է, որը Հայաստանում ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին: Առաջին նախագահի իշխանավարման տարիներին այդ ամենն այնքան էլ կանոնակարգված չէր, թեև ձևավորվում էր հանցավոր բնույթի իշխանություն: Նիկոլ Փաշինյանը հենց այդ համակարգի պրոդուկտն է, նրանց ներկայացուցիչը: Նրա ժողովրդավարական մոտեցումներն էլ բավականին պարզունակ են: