Հայաստանում «Կապիկի ծաղիկ» կա՞ Շտապ ասուլիս առողջապահության նախարարությունում

Երեկ «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք է հաստատվել Վրաստանում, երեկվա դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է 1704 դեպք, Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

««Կապիկի ծաղիկ» հիվանդությունը հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Աշխարհի 34 երկրներում արձանագրվել են դեպքեր, այդ թվում՝ Վրաստանում, այնտեղ իրականացնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումները», — ասաց համաճարակաբանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ բժիշկն ասաց, որ սահմանի անցման կետերում իրականացվում է հսկողություն․

«Համագործակցում ենք առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, նրանց կողմից ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ «Կապիկի ծաղիկը» սկսում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում երևում է նաև ցանը»։

«Որևէ բժշկական կազմակերպությունից որևէ հաղորդում դեռ չենք ստացել», — լրագրողներին տեղեկացրեց համաճարակաբանը՝ նշելով, որ աշխատում են բժշկական կազմակերպությունների հետ՝ զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ կասկածելի դեպքի ախտանշան է համարվում 38.5 և ավելի բարձր ջերմաստիճանը, որին 1-3 օրվա ընթացքում միանում է ցանը և ավշային հանգույցների բորբոքումը։