Եթե ձեր երեխան էլ լավ չի ուտում՝ Կարդացեք սա, իմացեք՝ ինչ անել ու պատմեք մայրիկներին

Երեխաների մոտ հաճախ նկատվող ախորժակի հետ կապված խնդիրները գլուխ են բարձրացնում ամռանը՝ հիմնականում պայմանավորված շոգ եղանակով։

Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է սննդաբան Դիանա Մելիքյանի հետ՝ հասկանալու վատ ախորժակի պատճառնոերն ու կանխարգելման միջոցները։

«Սկզբից ճիշտ է պարզել, թե ինչով է դրսևորվում ախորժակի բացակայությունը։ Հաճախ տեսնում ենք, որ երեխան հրաժարվում է որոշ մթերքներից, բայց պատրաստակամորեն ուտում է մյուսները։ Ակնհայտ է, որ ընտրովի ախորժակի խնդիրն ուղղակիորեն կապված է այլ հարցի՝ կամակորության և սեփական կարծիքը պնդելու հետ, որը տարածված երևույթ է երեխաների շրջանում», — ասաց սննդաբանը։

Երեխայի մոտ ուտելու սովորությունների ձևավորումը մեծապես կախված է մեծահասակների օրինակից։ Դժվար է երեխայից պահանջել առողջ սնունդ ընդունել, երբ հայրիկը, սովորաբար, սենդվիչներ է ուտում, իսկ ընտանիքը երբեք չի հավաքվում ճաշի սեղանի շուրջ:

Երեխաների սննդային կարիքները մեծապես կախված են նաև ֆիզիկական ակտիվության, աճի, ջերմության արտադրության և վարակների դեմ պայքարից: Էներգիայի կարիքների տարբերությունների հետ մեկտեղ, յուրաքանչյուր երեխա ունի մարսողության իր հնարավորությունները (սննդի բաժանում և կլանում), նյութափոխանակության իր մակարդակը: Եվ կախված դրանից, նույն տարիքի երեխաների սննդի կարիքը նույնպես կարող է զգալիորեն տարբերվել։

Սննդաբան Դիանա Մելիքյանը նշեց, որ երեխայի սնուցման համարժեքության չափանիշը ոչ թե նրա կերած սննդի քանակն է, այլ զարգացման մակարդակը՝ աճի տեմպերը, գիրության աստիճանը, նրա մոտ նոր հմտությունների ի հայտ գալը։

«Սխալ, սակայն, ցավոք, տարածված պրակտիկա է երեխաներին ստիպելով կերակրելը, քանի որ նորմալ մարսողության համար բավարար չէ, որ սնունդը ստամոքսում հայտնվի: Անհրաժեշտ է, որ այն ախորժելի տեսք և համեղ հոտ ունենա, առաջացնի ստամոքսաղիքային հյութերի արտազատում։

Ստիպողաբար ընդունված սնունդը վատ է մարսվում, ամբողջությամբ չի ներծծվում, ինչպես նաև խաթարում է մարսողական տրակտի ռեֆլեքսային ակտիվությունը և նպաստում դրա հիվանդությունների զարգացմանը:

Դե իսկ պատժի սպառնալիքով երեխային կերակրելը լրիվ անընդունելի է։ Վախի ազդեցության տակ հիմնականում դադարում է մարսողական հյութերի արտադրությունը, առաջանում են ստամոքսի և աղիների սպազմ, հնարավոր են փսխումներ», — մանրամասնեց սննդաբանը։