Պալատկեքը հավաքել են՝ լավ են արել, ինչի՞ են փախել ԱԺ-ից… Քանի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կան, չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնել

Պալատկեքը հավաքել են՝ լավ են արել, ո՞վ է իրենց խանգարում, թող անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին։

«Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր, և Սերժ Սարգսյանը, փաստորեն, արձանագրեց, որ «Դիմադրություն» շարժումն արդեն ունի լիդեր՝ Իշխան Սաղաթելյանն է», — ասաց Քոչարյանը։

Պատգամավորը հեգնեց ընդդիմադիրներին՝ ասելով, թե բնական է, որ վրանները հավաքելու իրենց որոշումը պետք է ներկայացնեին որպես հաղթանակ։

«Հաղթանակի մեջ էլ արձանագրում են, որ եթե իրենք չլինեին, ՀՀ-ն վաղուց ոչնչացված պետք է լիներ։ Դա այդպես չէ։ Մենք էլ ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ համերաշխության հարթակը Ազգային ժողովն է, ինչի են փախել Ազգային ժողովից, ինչի չեն վերադառնում», — ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, թե կուզեր՝ ընդդիմությունը իսկապես գիտակցեր, որ որպես ընդդիմություն կարևոր առաքելություն ունեն. «Բայց ես կուզեի, որ իրենք դառնան ընդդիմություն։ Իշխանությանը պետք է ընդդիմություն»։

Քոչարյանն ավելացրեց նաև․«Քանի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կան, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնեն։ Իրենք շատ են կարոտել իշխանությունը և այդ կարոտախտը չեն կարողանում բավարարել»։