Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Ադրբեջանին առանց նախապայմանների փոխանցվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, ևս երկուսը վերադարձվելու է։ Այս թվերը, ինչպես ասաց Փաշինյանը, առաջին անգամ են հրապարակվում։

«Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն մոտ 4 000 անհետ կորած, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ․ պաշտոնական թվերով՝ 777 անհետ կորած ունենք։ Փորձ է արվում ներկայացնել, որ հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե այս դեպքում տերմինը ճիշտ է օգտագործել, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։ Ընդ որում, այս թեմայով Հայաստանի աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն», — նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ ոչ միայն արցախյան առաջին, այլև 44-օրյա պատերազմի անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում է ակնկալում համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ։