Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը… ցավակցական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսում, 1946–ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։
1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։

Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում․ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում:

Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն», «Ադամանդե ձեռքը», «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառո», «Ուրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը» և բազմաթիվ այլ հայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար:

Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին», — ասված է ուղերձում։