Փաշինյանը բացատրել է, թե ինչ է նշանակում զորքերի հայելային հետքաշում

Question and answer session between the members of the Government and NA deputies took place at the RA National Assembly

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի հայելային հետքաշման գաղափարը:

Վարչապետը հիշեցրեց, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի ու ՀՀ վարչապետի կողմից, արձանագրված է, որ կողմեը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության կայունության ու բարձրացման ուղղությամբ ու գործը տանել դեպի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովի ձևավորում:

«Մենք գրել ու ստորագրել ենք, որ նախ պետք է քայլեր ձեռնարկենք անվտանգության ու կայունության ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին, որից հետո գործը տանենք դեպի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողով: Մենք պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, մենք առաջարկ ենք արել, մեր պատկերացումը հետևյալն է՝ Զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն. ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում, նշանակում է, որ հայ-արդբեջանական սահմանագծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների ու արդյունքում պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով», — հայտարարեց Փաշինյանը:

Նա ասաց, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս Խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի «Անկախ պետություների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին» համաձայնագրով, որը վավերացվել է և Հայաստանի, և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են, հետևաբար, Հայաստանը կարծում է, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ:

«Մենք պատրաստ ենք լսել նաև այլ առաջարկներ, այլ պատկերացումներ, ու մեր խնդիրն է, որ և միջազգային հանրությունը, և հայ հանրությունը տեղեկանա, թե ինչի մասին է խոսքը, որովհետև այս թեմայով, ցավոք սրտի, կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղերը անպաշտպան են մնալու և այլն. չկա այդպիսի բան, բնականաբար, առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված, բայց նաև պետք է խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որը մենք անում ենք, ինքը այնպես չէ, որ լիարժեք, 100 տոկսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար. կա սահմանային գիծ ու կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետքաշում տեղի ունենա, ընդ որում, արձանագրելով, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա», — ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, այս առաջարկները հիմնված են լեգիտիմ ու օրինական արձանագրումների վրա:

«Կարծում եմ, որ այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար», — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: