Ինչու են ձերբակալել Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդուն… Նոր մանրամասներ

Այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք: Համաձայն հաղորդագրության, «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։ 

«Հրապարակն արդեն մանրամասնել էր, որ ձերբակալված դատախազ Կ.Ն.-ն Կորյուն Ներսիսյանն է, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է: Ինչ խոսք, շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում այն էլ, ինչպես ժողովուրդը կասեր՝ «առավոտ բարի լույսով»։ Ինչ կարող է նշանակել այդ ձերբակալությունը, ինչ «մեսիջներ» է այն պարունակում։ 

• Այն, որ ամեն օր չէ, որ Հայաստանում կաթողիկոսի եղբորորդի, այն էլ դատախազ են ձերբակալում, արդեն իսկ խոսում է, որ կատարվածը շարքային ձերբակալության դեպք չէ եւ իր մեջ պարունակում է որոշակի «ասելիք», որոշակի «մեսիջներ»։ Ընդ որում եւ ուղարկողն է լավ հայտնի եւ հասցեատերը։ 

• Ընթերցողը թերեւս կհիշի, որ Մայր Աթոռը Գերագույն Հոգեւոր խորհրդի վերջին ժողովից հետո հրապարակեց հայտարարություն, որը որակվեց որպես Գարեգին Բ-ի գահակալության ողջ ընթացքի ամենից քաղաքականացված հայտարարությունը։ 

• Բացի այդ, Գարեգին Բ-ն էլ, որ նախկին իշխանությունների օրոք, սկսած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակներից, աչքի էր ընկել մշտապես իր կայուն եւ հարատեւ իշխանամետ կեցվածքով այն աստիճան, որ նրան նույնիսկ համարում էին իշխանությունների կցորդ, վերջին շրջանում, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, աչքի է ընկնում իշխանություններին ուղղված իր քննադատական ելույթներով, իսկ 2021-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկն էր, այլոց թվում։ 

• Առհասարակ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականները ընդգծված հակաիշխանական կեցվածքով են հանդես գալիս, բացահայտ քննադատելով, դատապարտելով Փաշինյանի կառավարությանը, անձամբ նրան մեղադրելով մեր ձախորդությունների եւ անգամ պետական դավաճանության մեջ։ 

• Այս համատեքստում Գարեգին Բ-ի եղբորորդու ձերբակալությունը որոշակի «մեսիջ» է պարունակում՝ ուղղված թե անձամբ Գարեգին Բ-ին, թե Առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներին, թե Հայաստանի կրոնական ոլորտը ներկայացնողներին առհասարակ, որ իշխանությունները իրենց ամենասիրելի գործիքի՝ քրեական հետապնդումների միջոցով անցել են հակահարվածի։ 

• Դժվար է ասել, թե այս ձերբակալությանն ինչ կհետեւի։ Ամենեւին չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո կալանավորված Կորյուն Ներսիսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Իշխանություններն էլ կարող է որոշեց, որ վախեցնելը բավարար է եւ որոշակի գործարքի գնան Գարեգին Բ-ի հետ հետեւյալ տրամաբանությամբ՝ «Առաքելական եկեղեցին իշխանությունների հանդեպ ավելի հանդուրժող ու «հնազանդ» կեցվածք կորդեգրի», դրա փոխարեն Կորյուն Ներսիսյանին էլ չենք անդրադառնա»։ 

• Հատկապես, որ առաջիկայում Հայաստանը բավական լուրջ քայլերի է գնալու Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման կամ կարգավորման առումով, ու այստեղ չափազանց կարեւոր է Առաքելական եկեղեցու վերաբերմունքը, որ նա հնարավորինս «խոնարհ հարս» լինի։ Նաեւ ձեռքի հետ էլ եկեղեցուն հնազանդեցնեն, որ ընդդիմադիր կեցվածքից դուրս գա եւ հոտին չհանի ՔՊ-ական իշխանության դեմ։ 

«Հրապարակ օրաթերթ»