Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Եղեգնուտ գյուղի լճից դուրս է բերվել 19-ամյա տղայի դին. Լուսանկարներ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում գտնվող լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտություն է եղել, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվի ջրասուզակը:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը և նշված ջոկատի ջրասուզակ Խաչատուր Մուրադյանը:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների թիվ 18 ջոկատի փրկարարները ջրասուզակի հետ մոտ 3 ժամ կատարեցին որոնողական աշխատանքներ: Ջրասուզակը մի քանի անգամ սուզվեց ջրի տակ, սակայն տեսանելիությունը շատ վատ էր, այնուամենայնիվ, մոտ 3 ժամ անց ջրասուզակին հաջողվեց հայտնաբերել երիտասարդի դին:

Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղծ եղած քաղաքացին Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Սամվել Ո.-ն էր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր լողալու: Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել ու այդ ժամանակ Սամվելը հայտնել է, որ չի կարողանում դուրս գալ: Ընկերները փորձել են օգնել, սակայն չեն կարողացել և անմիջապես ահազանգել են 911: