Հետծննդաբերական դեպրեսիա. հոգեբանը խորհուրդ է տալիս չանտեսել իրավիճակը

Հետծննդյան դեպրեսիան ծննդաբերությունից հետո կնոջ հոգեկան վիճակի խանգարումներից է: Ախտանիշները սովորաբար զարգանում են աստիճանաբար՝ երեք ամսվա ընթացքում, բայց կարող են սրվել նաև հանկարծակի:

Հարցի շուրջ Aysor.am-ը խոսել է հոգեբան Նելլի Կարապետյանի հետ՝ հասկանալու խնդիրն ու առաջարկելու լուծման տարբերակներ։

«Առաջին հերթին այս խանգարումը վատթարացնում է մոր կյանքի որակը։ Չնայած շատ հոգնած լինելու հանգամանքին, կնոջ համար կարող է դժվար լինել քնելը: Ոմանք տառապում են ախորժակի ավելացումից, մյուսներն, ընդհակառակը՝ ընդհանրապես չեն կարող ուտել, թեև ծննդաբերությունից հետո օրգանիզմն իսկապես էներգիայի կարիք ունի», — ասաց մասնագետը։

Այս ամենն ազդում է մոր՝ երեխային խնամելու ունակության վրա, հետևաբար՝ ազդում երեխայի կյանքի որակի վրա։ Մայրական դեպրեսիան կարող է հետագայում երեխայի մոտ առաջացնել հուզական, սոցիալական և ճանաչողական խնդիրներ:

Հոգեբանը նշեց, որ երեխայի ծնվելուց հետո հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ ոչ միայն կանայք։ Տղամարդկանց մոտ դեպրեսիայի ախտանիշները նման են կանանց մոտ նկատվող ախտանիշներին.

Կան մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել դեպրեսիայի առաջացման վրա։

«Ժառանգականություն. Եթե ​​կնոջ հարազատները տառապել են դեպրեսիայից, ապա հիվանդության հավանականությունն ավելի է մեծանում:

Հորմոնալ տեղաշարժեր. Ծննդաբերությունից հետո մոր ամբողջ մարմինը վերակառուցվում է։ Սա վերաբերում է նաև հորմոններին։ Էնդոկրին վերակառուցումը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա: Սա կարող է առաջացնել հուզական անկայունություն և տրամադրության փոփոխություններ, կամ ֆոնային դեպրեսիա:

Սոցիալական կարգավիճակի փոփոխություն. Նոր ու կարևոր կարգավիճակ մտնելը կառաջացնի սովորական կյանքի ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն։ Սա կարող է հիասթափություն առաջացնել կնոջ, կամ ծնող դառնալու նրա որոշման մեջ»,-ասաց հոգեբան Նելլի Կարապետյանը:

Կեսարյան հատումից հետո դեպրեսիայի վտանգը մեծանում է։ Դա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմը չի ստանում էնդորֆինի հզոր չափաբաժին, որն արտազատվում է բնական ծննդաբերության ժամանակ։ Բացի այդ, կեսարյան հատմանը հաճախ հաջորդում է մոր և երեխայի բաժանումը։ Սա կարող է հանգեցնել նրանց միջև կապվածության ձևավորման խախտման:

Յուրաքանչյուր կին ունի ախտանիշների անհատական ​​շարք.

— անքնություն և հուզմունք

— շփոթվածություն և դյուրագրգռություն

— հալյուցինացիաներ

— նորածնի նկատմամբ անտարբերություն, ագրեսիա, կամ չափից ավելի մտահոգություն

— տրամադրության հանկարծակի փոփոխություններ

— ախորժակի կորուստ, կամ շատակերություն

— զզվանք հայելու մեջ սեփական արտացոլանքից

— թույլ համակենտրոնացում և անտարբերություն

«Առաջին հերթին, խորհուրդ կտամ դիմել մասնագետի,եթե ախտանիշները չեն անհետանում երկու շաբաթ անց և կնոջ վիճակը գնալով վատանում է, երեխայի մասին հոգալը նրա համար բեռ է դառնում և վերջինս, նույնիսկ, ուժ չի գտնում տնային որոշ գործեր կատարելու համար»։

Հետծննդյան դեպրեսիան, ինչպես ցանկացած այլ դեպրեսիա, ոչ միայն վատ տրամադրություն է, այլ հիվանդություն, որն օգնում են հաղթահարել մասնագետները՝ հոգեբանները, հոգեթերապևտները և հոգեբույժները: Եթե ​​նկատում եք, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ, ապա խորհուրդ ենք տալիս չհետաձգել և հնարավորինս շուտ օգնություն խնդրել. դեպրեսիայի ախտանիշները շատ են, և միայն բժիշկը կարող է ճիշտ մեկնաբանել ձեր վիճակը:

Դեպրեսիայի համար դեղեր նշանակելու իրավունք ունի միայն բժշկական կրթություն ունեցող մասնագետը։

Հոգեբանը զրույցի վերջում նշեց, որ կարևոր է փորձել շեղվել մոլուցքային մտքերից, որոնք հատկապես խանգարում են հետծննդաբերական առաջին օրերին։ Նա առաջարկեց կենտրոնանալ տարածության մեջ դիրքի փոփոխության վրա և մտածել միայն այն մասին, ինչը տեղի է ունենում այստեղ և հիմա. այս մեթոդն օգնում է անառողջ երևակայությունից շատ արագ իրականություն վերադառնալ։