Այդ տղերքը նստած են, որովհետև մեկի հայրանունը Ալեքսանդր է, մյուսինը՝ Սուրիկ

«Հրապարակը» գրում է. Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ օրերս տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք է սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով եւս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով նախատեսվում է 3-8 տարի ժամկետով ազատազրկում։ Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով առհասարակ դատարան ներկայացված հիմնավոր կասկածի նյութերով Տիգրան Խաչատրյանի առնչվածության վերաբերյալ առկա է մեկ ոստիկանի ցուցմունք, որն ապահովել է ցույցի անվտանգությունը․ «Այդ մարդն ասում է՝ ես տեսել եմ, որ Տիգրան Խաչատրյանն ու Հայկ Սարգսյանն իրենց ագրեսիվ են պահում, հայհոյում են ոստիկաններին, հարվածներ են հասցնում ոստիկաններին։ Իմ պաշտպանյալի մասով միայն այդ ցուցմունքն է»։

— Ենթադրյալ ծեծված ոստիկաններն ի՞նչ են ասել։

— Որեւէ մեկն իմ պաշտպանյալի մասով որեւէ բան չի ասել։ Դատարան ներկայացված հիմնավոր կասկածի նյութերով Տիգրան Խաչատրյանի վերաբերյալ առկա է միմիայն այդ մարդու ցուցմունքը։ Տիգրան Խաչատրյանն ընդունում է, որ եղել է այդ տարածքում, բայց ասում է՝ ես որեւէ մեկին չեմ հարվածել։ Ավելին՝ ներկայացրել եմ երկու տեսագրություն, որը քննիչները չէին ուսումնասիրել, ես իրենց ստիպել եմ նայել դատարանում, որ այս մարդը որեւէ բռնի գործողություն չի անում, մեկ տեսանյութում երեւում է, որ նույնիսկ այս մարդու մայկան են պատռում։

— Վարույթն իրականացնող մարմինը տեսագրություններ չունի՞։

— Որեւէ բան չունի ներկայացնելու։ Ես հաստատապես համոզված եմ, որ Տիգրան Խաչատրյանը որեւէ մեկին չի հարվածել, ասեմ ավելին՝ իրենք էլ հաստատապես համոզված են։ Իրենք կարող են, ինչ տեսանյութեր կան, ուսումնասիրեն եւ համոզվեն, որ նա որեւէ մեկին չի հարվածել։ Ի՞նչն է ինձ ուրախացնում, որ ոստիկանության համակարգի սպաները՝ սպայական եւ սերժանտական կազմը, այն տիպի չեստնի մարդիկ են, որ ոչ մեկը չեկավ ու սուտ տվյալ չտվեց՝ բացառությամբ մի հոգու։

— Ստացվում է՝ մեկ հոգու ցուցմունքը բավական է անձին կալանավորելու համար։

— Դատավոր Արղամանյանի համար՝ այո։ Այդ մի հոգու հարցաքննելը հանցագործություն էր, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը կոնկրետ ասում է՝ որպես վկա չի կարող հարցաքննվել այն անձը, ում տեղեկությունները հասու են դարձել որպես հետաքննության մարմին՝ իր լիազորություններն իրականացնելիս։ Քննիչը թռել է այդ հոդվածի վրայով։ Բացի այդ, մեզ բոլորիս հայտնի Գագիկ Ջհանգիրյանի՝ բոլորիս հայտնի գործով, վճռաբեկի նախադեպային որոշումով դատարանն աներկբա ասում է՝ հարգելի նախաքննական մարմին, երբ քննվում է զանգվածային միջոցառման մասնակցի կողմից որեւէ իրավախախտում կատարելու հանգամանք, առավել եւս՝ իրավախախտում, որն ուղղված է զանգվածային միջոցառումը «սպասարկող» ոստիկանության աշխատակցի նկատմամբ, այս անձի նկատմամբ ոստիկանության աշխատակցի կողմից տրված մեղադրական բնույթի ցուցմունքը պետք է ստուգվի ամենաբարձր մակարդակի հիման վրա, կոպիտ ասած՝ հալած յուղի տեղ չպետք է ընդունվի, եւ այդ ցուցմունքը չպետք է լինի վճռորոշ։ Բացի այդ, դուք շարժվեք այդ կանխավարկածով, որ ոստիկանության աշխատակիցը՝ ցույց սպասարկող, շարժվում է ոչ թե օբյեկտիվության նկատառումով, այլ շարժվում է գերատեսչական շահից ելնելով, եւ այդ լույսի ներքո Գագիկ Ջհանգիրյանին արդարացրել են։ Բավականին լուրջ որոշում է, լուրջ իրավական վերլուծություն կատարած որոշում է։ Քննիչն այս հարցին պետք է պատասխանի ուրիշ քննիչի մոտ, երբ իր նկատմամբ ընտրված կլինի ազատության հետ կապված չլինող խափանման միջոց։ Ես հանցագործության հետ կապված շատ լուրջ հաղորդում եմ պատրաստում։ Այդ տղերքը նստած են, ու գիտեք ինչի՞, որովհետեւ մեկի հայրանունն Ալեքսանդր է, մյուսինը՝ Սուրիկ։ Այսքան բան։ Այս փոքր երկրում, անկախ քաղաքական իշխանությունից, դա նորմալ բան չէ։ Այդ քննիչը վաղը ելնելու է փողոցով ման գա, ու թքեն իր երեսին։

— Պարոն Գալստյան, որերորդ դեպքն է՝ հայտնի գործերը Դավիթ Արղամանյանին են մակագրվում։ Սա էլեկտրոնայի՞ն մակագրում է։

— Ոչ, մակագրում է Արթուր Մկրտչյանը։ Ես այդ մասով ճշտեցի, ինքն Արթուր Մկրտչյանի ձեռագիր մակագրությամբ փաստաթուղթը ցույց տվեց։

— Այս գործով ի սկզբանե 8 ա՞նձ է ձերբակալվել․․․․

— Չեմ կարող ասել, որովհետեւ այնքան գործողություն եմ արել․․․․ Եթե քննիչներին թվում է, որ իրենք գործ են քննում Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկի, Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան վրա, ասեմ՝ իրենք չարաչար սխալվում են, մենք գործ ենք քննում իրենց վերաբերյալ։ Տիգրան Խաչատրյանը ԵԽԽՎ բանաձեւի լույսի ներքո Նելսոն Մանդելայի հետ նույն հարթության վրա է՝ որպես քաղբանտարկյալ։

— Հիմա ի՞նչ եք անելու, որոշումը բողոքարկելո՞ւ եք։

— Որոշումը ստանամ, կբողոքարկեմ, բայց ասեմ, որ լիքը անակնկալներ են սպասվում։

ՀԳ․ Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը նախկինում երեք այլ քրեական գործով է անցել, այդ թվում՝ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթեր կեղծելով զինծառայությունից խուսափելու, սպանության, ապօրինի զենք պահելու համար։ Սակայն բոլոր գործերն էլ ընթացք չեն ստացել։ ՀՀ նախկին նախագահի եղբորորդին եւս երկու անգամ մեղադրյալի աթոռին է եղել, մեկով նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր, մյուսով մեղավոր էր ճանաչվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։