Ինչպես Փաշինյանը ծաղրեց ընդդիմությանը… նրանք մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը

Ընդդիմության հետ կապված իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ, ԱԺ — կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին վերաբերող հարցին։

«Խոսում ենք քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին և, պիտի անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան։ Բայց ուզում եմ ասել, որ այդ պրոցեսը սկսել է քաղաքական շեշտադրումներով, և Հայաստանի ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը։ Սրա նպատակն ի՞նչ է», — ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե սովորաբար նման ակցիաների նպատակն է հանրությանը ներգրավել պրոցեսի մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ։

«Բայց, քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա այդ գործողություններն արդեն ոչ թե իշխանության դեմ են, այլ այլևս հանրության դեմ են և ունեն հետևյալ տրամաբանությունը, որ, ա՛յո, եթե մեզ չմիանաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ձեզ համար կստեղծենք անհարմարություններ։ Քաղաքական նշանակությունն այլևս սպառված է և տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է՝ թերևս վրեժ լուծելով նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար։ Գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ։ եթե հիշում եք, այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոք մաշեցնելու է։ Դե հիմա տեսնում ենք, որ չկարողանալով դա իրականացնել, այդ ուժն ինքն իր նկատմամբ իրականացնում այդ կարգախոսը։ Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»», — հայտարարեց վարչապետը։