
Ինչպես հայտնել ենք, ընդդիմության առաջնորդները իրենց համախոհներով այսօր առավոտյան երթ են իրականացրել մայրաքաղաքի փողոցներով, որից հետո ուղևորվել են ՀՀ նախագահական նստավայր, փորձել շրջափակել մուտքերը:
Այսօրվա գործողություններին, ինչպես նախորդ օրերին, մասնակցել են նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, նրանց մերձավոր շրջապատից անձինք: Նրանց թվում է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր տղան՝ Հայկ Սարգսյանը:
Ուշագրավ է, որ նախագահական նստավայրի դիմաց կանգնած Հայկ Սարգսյանի շուրջբոլորը նկատելի են տղամարդիկ, որոնք բոլորը հովարով գլխակներով են և գլխիկոր հնչեցնում են ընդդիմության լոզունգները: Կադրերից տպավորություն է ստեղծվում՝ վերջիններս այնպես են փորձում անել, որ տեսախցիկները չֆիքսեն իրենց դեմքերը:
Թե ինչո՞ւ են նշված անձինք խուսափում նկատելի դառնալուց, պարզ չէ:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին վերջինս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, և նրա որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, հաճախ էին աչքի էին ընկնում հանրության և լրագրողների հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքով, ավելին, ըստ տարբեր լուրերի, նաև այս անձինքն էին հովանավորում թաղային խուժան ասված անձանց շարժը ընտրությունների և քաղաքական այլ գործողությունների ժամանակ: Հավելենք, որ Սարգսյան ընտանիքի բոլոր տղամարդիկ անցնում են տարբեր քրեական գործերով, իսկ Նարեկ Սարգսյանը դատապարտվել է:
Հայկական ժամանակ