Ինչպես է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, «գոլդ» պետհամարանիշով մեքենայով հայտնվում է երթին ու ոստիկաններին հրահանգներ տալիս. տեսանյութ

Դիմադրության շարժման անդամներից մեկը AntiFake.am–ին տեսնյութ է տրամադրել և պատմել, թե ինչպես է «ARM 00000» պետհամարանիշով Մերսեդես մակնիշի Մայբախը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի հարազատ եղբորը՝ Սարիբեկ Սուքիասյանին, հայտնվել Դիմադրության շարժման երթերից մեկի ժամանակ, իջել մեքենայից և հրահանգներ տվել ոստիկաններին։

Մեր ուշադրությունից չվրիպեց ՔՊ–ականի գործարար եղբոր մեքենայի «գոլդ» պետհամարանիշը, որը տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտ պետհամարանիշներից։

Տեսանյութի և AntiFake.am–ին փոխանցված տեղեկությունների առնչությամբ 2 հարցադրում ունենք իրավապահ մարմիններին․ Արդյո՞ք «ARM 00000» ձևաչափով պետհամարանիշը օրինական է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այո՝ ո՞վ կարող է դիմել այդպիսի պետհամարանիշ ձեռք բերելու համար։

Ի՞նչ հիմքով է իշխող ուժի պատգամավորի գործարար եղբայրը հրահանգավորում ընդդիմության երթի ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկաններին։

Նշված հարցադրումներով AntiFake.am–ը գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որի պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք դրանք։