Պաչում էր, պաչում, ասում էի՝ ա՛յ բալա, բանակ ես գնում, էլի… ասում էր՝ մա՛մ ջան, վերջին անգամ, էլ քեզ ո՞վ կպաչի

Ագանեսյանները մինչև 2021-ի փետրվար հույսով սպասել են, որ ավագ որդին ողջ կլինի ու տուն կգա, սակայն փետրվարին բոլոր հույսերը մարեցին։

Ագանեսյանների որդու մարտական ընկերները գերությունից վերադառնալուց հետո հայտնել են բոթը:

«Տղաները գերությունից եկան, իմացանք՝ Տիգրանս զոհվել ա, մտածում էինք՝ հնարավոր ա՝ գերության մեջ լինի իր ընկերների հետ, բայց․․․»- հուզմունքով պատմում է 40-ամյա Օլիմպիա Ագանեսյանը։

18-ամյա Տիգրան Ագանեսյանը 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը։ Տիգրանը սկզբում Ջրականում է մասնակցել թեժ մարտերին, այնուհետև տեղափոխվել Հադրութ։

Օլիմպիան ասում է՝ որդու հետ վերջին անգամ կարողացել են խոսել հոկտեմբերի 8-ին, որից հետո այլևս կապ չի եղել։

Տիգրանի ընկերները պատմել են, որ հոկտեմբերի 9-ին Տիգրանը դեմքից ծանր վիրավորում է ստացել, յոթ տղաներով գտնվել են Վանք գյուղում՝ անօգնական։

«Յոթից երկուսը մահացել են, որից մեկը՝ իմ տղեն։ Տղես արնաքամ ա եղել, հինգին էլ գերի են տարել»,- ասում է Օլիմպիան։

Որդեկորույս մայրն ասում է՝ շոկային էր իմանալ որդու զոհվելու մասին, նշում է՝ ամիսներ շարունակ փնտրում էին ու չէին գտնում, հույսով սպասում էին ու չէին պատկերացնում, որ նման լուր կլսեն։

«Մենք չէինք սպասում, որ նման բան կլիներ, մենք սպասում էինք, որ պիտի գար… Մեր կյանքը լրիվ փոխվեց, Տիգրանը մեր ամեն ինչն էր, մեր թիկունքը»,- ասում է ու հուզվում մայրը։

Մայրը հուզմունքով ու երանությամբ է հիշում մինչպատերազմյան կյանքը, ասում է՝ երջանիկ ապրում էին, իսկ հիմա՝ միայն ցավ է ու կարոտ։

«Ուրախ էինք, որդիս կողքիս էր, մտածում էինք՝ կգնա, կծառայի, հետ կգա։ Բայց ամեն ինչ տակնուվրա եղավ»,- կսկիծով ասում է մայրը։

Օլիմպիան կարոտով է հիշում՝ ինչպես էր որդին տուն մտնում ու գոռում՝ մա՛մ ջան, հացը դիր, ուրիշ տեղ հաց չէր ուտում, ասում էր՝ իմ մամայի էփածը:

Օլիմպիան հուզմունքով ասում է՝ հավանաբար որդին զգում էր, որ բանակից չի վերադառնալու։ Մինչ բանակ գնալը որդին հաճախ էր մորը համբուրում՝ կարծես վերջին անգամ լիներ դա․

«Պաչում էր, պաչում, ասում էի՝ ա՛յ բալա, բանակ ես գնում, էլի, գնալու ես, շուտ գաս, երկու տարի ա, ասում էր՝ մա՛մ ջան, վերջին անգամ, էլ քեզ ո՞վ կպաչի»։

Տիգրանը կենսուրախ էր, ընկերասեր, նվիրված ընկերներին, միշտ ժպիտը դեմքին՝ պատմում է մայրը որդու մասին։ Տիգրանը որոշել էր բանակից գալ, մեկնել արտագնա աշխատանքի։ Օլիմպիան արցունքների միջից ասում է՝ եթե չարաբաստիկ պատերազմը չլիներ, որդին երկու ամսից՝ հուլիսին պետք է տուն գար։

Տիգրան Ագանեսյանը հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

MediaLab.am