«Ռեսպուբլիկան խայտառակելու» հերթական փորձը. Ընդդիմությունը խաբկանքի մեջ է՝ կարծելով, թե Լիտվայի նախագահը իրենց նամակի միջոցով պետք է տեղեկանա իրականության մասին

«Դիմադրություն» շարժումը մտել է ՀՀ իշխանության հասցեին մեր երկիր ժամանած բարձրաստիճան հյուրերի մոտ գանգատվելու կամ, ինչպես ասում են, «ռեսպուբլիկան խայտառակելու» փուլ։ Նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդդիմության լիդերներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե դիմել են ՀՀ պաշտոնական այցով ժամանող Լիտվայի նախագահին՝ ակնկալելով նրա հետ հանդիպում։ Գրում է civic.am-ը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սաղաթելյանը, ապա կից զետեղել էր օտար երկրի ղեկավարին ուղղված նամակը։ Դրանում մասնավորապես նշվում է, թե տևական ժամանակ է՝ իրենք պայքար են մղում «հանուն արժանապատվության վերականգնման և ժողովրդավարական արժեքների պահպանման» և «բարձրաձայնում մեր անհանգստությունները Երևանի փողոցներից և Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքից»։ Այստեղ «ստոպ» տանք և միջանկյալ արձանագրենք՝ փաստորեն, ընդդիմությունը իրենց դիմադրության շարժումը ՀՀ քաղաքացիներին մատուցում է որպես «ընդդեմ թրքացման» և «հանուն Արցախի ու Հայաստանի փրկության» շարժում, որի գերխնդիրը «իշխանությանը վռնդելն» է, մինչդեռ Լիտվայի նախագահին ուղղված նամակում այդ նույն շարժումը ներկայացնում է որպես «հանուն արժանապատվության վերականգնման և ժողովրդավարական արժեքների պահպանման» մղվող պայքար։ Կեղծիքն ու սիմուլյանտությունն այսքանով չեն եզրափակվում։

Նամակի հետագա տողերում ասվում է. «Ցավոք, Ձեր այցը ՀՀ կարող է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվել և շահարկվել որպես սատարում գործող իշխանությունների կողմից վարվող բիրտ ու հակաժողովրդավարական քաղաքականության»։ Ապա նշվում է, թե «այն անհատները, որոնց հետ Դուք պատրաստվում եք հանդիպել, չեն ներկայացնում ՀՀ քաղաքացու կամքը։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Արդ, Փաշինյանն ու իշխող կուսակցությունն ո՞ւմ կամքն են ներկայացում, եթե ոչ՝ ՀՀ 680 հազար քաղաքացիների։ Նամակի հեղինակները թախանձում են, որ Լիտվայի նախագահը, լինելով ժողովրդավարական պետության ղեկավար, կդիտարկի «հայ ժողովրդի իրական պահանջները լսելու հնարավորությունը»։ «Արտաքին քաղաքականության և ներքաղաքական զարգացումների մասին հայերի կարծիքների ու մտահոգությունների վերաբերյալ անկողմնակալ և լիարժեք տեղեկություն ստանալու համար ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկություն են հայտնում անձամբ հանդիպել Ձեզ հետ»,- գրել են նամակի հեղինակները և շեշտել, որ իրենց հետ հանդիպելով՝ նախագահը հնարավորություն կունենա «ականջալուր լինելու գրեթե մեկ ամիս Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր անցկացնող հարյուր-հազարավոր հայերի ցանկությանը ու պահանջներին»։

Այստեղ էլ «ստոպ» տանք և երկու կարևոր դիտարկում անենք՝ մասնավորապես «հայերի կարծիքները լսելու» և «հարյուր հազարավոր քաղաքացիներ» կապակցությունների մասով։ Ինչ է ստացվում՝ ընդդիմության ներկայացուցիչները, ապրելով մոնոէթնիկ, ունիտար երկրում, փաստորեն իրենց տարանջատում են ՀՀ մնացած բնակչությունից և իրենց մասին խոսելիս կիրառում են «հայեր» տերմինը։ Իրեն ազգափրկիչ համարող ընդդիմությունը, փաստորեն, այսպիսի վտանգավոր, պառակտիչ ձևակերպումներ է գործածում այլ երկրի ղեկավարին ուղղված նամակում՝ իրեն, փաստորեն, նույնացնելով ազգային փոքրամասնության հետ։ Հարց է ծագում՝ եթե իրենք՝ ընդդիմությունն ու իր համախոհները, հայերն են, ապա ովքե՞ր են իրենց ակցիաներին չմիացած քաղաքացիները, «թուրքե՞ր», բնորոշում, որն այս օրերին կիրառում են ընդդիմության մի շարք ակտիվիստներ։

Այժմ «հարյուր հազարավոր»-ին անդրադանանք, ավելի ճիշտ՝ ֆիքսենք, որ այս թիվը, մեղմ ասած, շարքային կեղծիք է, քանի որ երրորդ շաբաթը (ոչ թե՝ մեկ ամիս) ձգվող փողոցային միջոցառռումների ժամանակ ակցիայի մասնակիցների առավելագույն թվաքանակը չի մոտեցել անգամ 30 հազարին, ուր մնաց թե՝ հարյուր հազարավորների, ավելին՝ գնալով նվազում է։ Նամակում ասվում է նաև, որ «մենք լիովին համոզված ենք, որ ԵՄ անդամ հանդիսացող պետության ղեկավարը չի արդարացնի Նիկոլ Փաշինյանի հրահանգով սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ոստիկանական վայրագությունները և չի մերժի մեր խնդրանքը»։ Եթե Լիտվայի նախագահը բավարարի նամակի հեղինակների խնդրանքը, ապա նրան պետք է հանդիպեն Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Մամիջանյանը և Արթուր Վանեցյանը։

Նամակ են ուղարկել, բայց պատասխանից խաբար չեն

Civic.am-ը ողջ օրը փորձեց ճշտել՝ արդյոք Լիտվայի նախագահը ընդունե՞լ է ընդդիմության հանդիպման հրավերը։ ՀՅԴ գրասենյակում տեղյակ չէին, «Հայաստան» խմբակցության գործավարուհին նույնպես տեղյակ չէր հանդիպման լինել-չլինելու մասին։ Իշխան Սաղաթելյանը ողջ օրը այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին, իսկ նրա օգնականը հայտնեց, թե տեղեկացված չէ հանդիպման մասին, ճշտելուց հետո կկապվի մեզ հետ։ Ենթադրում ենք, որ եթե հանդիպման առաջարկն ընդունված լիներ, ապա այդ «թոփ նյուզով» Սաղաթելյանը կիսված կլիներ իր գործընկերների և լսարանի հետ։ Ի դեպ, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը զետեղել է նախագահի այցի օրակարգը, որում նախատեսված է հանդիպում միայն ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանի հետ։ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպման մասին որևէ նշում չկա:

Նշենք, որ այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց դիմադրողականների երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ տեղի էր ունենալու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լիտվայի նախագահի հանդիպումը։ Բաղրամյան 26-ում գտնվող ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ եկել են, ինչպես դասականը կասեր, իշխանության «տոնը խանգարեն». «Մեր նպատակն է ցույց տալ, որ Նիկոլը չունի որևէ մանդատ բանակցելու Հայաստանի և Արցախի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այս բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում»։ Հայկ Մամիջանյանն էլ մանուկյանական ոճի մեկ այլ տեքստ սկսեց բղավել Լիտվայի նախագահի ժամանելուն պես, միայն թե՝ «ռուպռով»։ Նրան միացան երթի մասնակիցները, որոնց ձեռքին կային հայերեն և անգլերեն գրություններով պաստառներ, և վանկարկեցին «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ամոթ, ամոթ»։ Ապա նախագահի նստավայրից երթը ուղղություն բռնեց դեպի Հանրապետության հրապարակ՝ «Մարիոթ» հյուրանոց, «հարամելու» Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ու Նիկոլ Փաշինյանի «տոնը»՝ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումը։ Հյուրանոցի մոտ ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը հայտարարեց. «Եկել ենք հստակ ուղերձով՝ այն մարդը, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, անելիք չունի Հայաստանում։ Եկել ենք Նիկոլ Փաշինյանին ասելու, որ դու ՀՀ-ում իշխանություն չունես»։ Փաշինյանը հյուրանոց մուտք գործեց արդեն հայտնի վանկարկումների ուղեկցությամբ։

Նամակն ու ակցիան զրոյական ազդեցություն կունենան ՀՀ-Լիտվա հարաբերությունների վրա

Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը ciciv.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչպես է գնահատում իր գործընկերների քայլերը՝ «նամակ Լիտվաց թագավորին», բողոքի ակցիա Բաղրամյան 26-ում, արձագանքեց. «Մեղմ բառեր եմ փնտրում՝ բնորոշելու համար։ Անլրջություն է իրենց արածը, որը չի սազում պետության անունից հանդես եկողներին։ Ճիշտն ասած, իրենք իրենց սպառած ուժեր են, և առանձնապես ցանկութուն էլ չկա մեկնաբանելու նրանց արած քայլերը»։ Իսկ ի՞նչ ռեզոնանսներ կարող են ունենալ ընդդիմության այս քայլերը Հայաստան-Լիտվա հարաբերությունների վրա։ «Ոչ մի։ Եվ սա կդիտարկվի որպես անլուրջ վարքագիծ»։ Ինչ վերաբերում է նամակում առկա այն պնդումներին, թե ոստիկանությունը «վայրագություններ» է թույլ տալիս ցուցարարների նկատմամբ, ապա, ըստ պատգամավորի. «Դա հերթական անգամ խոսում է նրանց՝ իրականությունից կտրված լինելու մասին։ Նրանք պատրաստ են կեղծել, ստել, մանիպուլացնել… դա իրենց ոճն է, որին չեն դավաճանում։ Իրենք խաբկանքի մեջ են, և եթե կարծում են, թե Լիտվայի նախագահը իրենց միջոցով պետք է տեղեկանա իրականության մասին, ապա դա առնվազն անհարգալից վերաբերմունք է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան հանդեպ, որը շատ լավ տեղեկացված է ամեն ինչի մասին, վերլուծում է ամեն ինչ և ծանուցում Լիտվայի իշխանություններին։ Այնպես որ, տեղի ունեցած ակցիան և նամակը քաղաքական առումով զրոյական նշանակություն ունեն»։

Նշենք, որ ամիսներ առաջ՝ 2021 թվականի ամռանը, Լիտվայի Սեյմի դիմաց բողոքի բազմամարդ ցույցեր էին տեղի ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ։ Լիտվայի իշխանությունները՝ ի դեմս ոստիկանական ուժերի, ցույցերից մեկի ժամանակ կիրառում էին հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ և էլեկտրաշոկ։ Մինչդեռ այս օրերին ՀՀ-ում տեղի ունեցող ակցիաների ժամանակ ոստիկանական ուժերն աշխատում են բացառապես «մերկ ձեռքերով», առանց հատուկ միջոցների՝ մահակներ, լուսաձայնային նռնակներ և այլն, գործադրում են միայն ֆիզիկական ուժ, որը, սակայն, հայրենի ընդդիմադիրները որակում են «վայրագություն» ու «բիրտ ուժ» և այդ մասին զավեշտալի մատնագրեր հղում օտար երկրների ղեկավարներին։