Բժիշկը հրաժարվել է շամպունից և պատմել անսպասելի արդյունքի մասին

Բրիտանացի բժիշկ-թերապևտ Քլեր Բեյլին պատմել է, որ մազերը շատ հաճախ չլվանալը կօգնի դրանք ավելի հարթ և փափուկ դարձնել: Նա որոշել է փորձարկում անցկացնել և դրա արդյունքների մասին պատմել է Daily Mail հրատարակությանը։

Բեյլին խոստովանել է, որ շաբաթը երկու անգամ շամպուն էր օգտագործում, որպեսզի հնարավորինս մաքրեր մազերը։ Դրանից հետո նա, անշուշտ, օգտագործում էր կոնդիցիոներ և այլ միջոցներ, և այդպես 60 տարի:

Կնոջ հաշվարկներով՝ այս ընթացքում նա օգտագործել է մոտ 6240 շամպուն և գեղեցկության այլ միջոց, որոնց շատ բաղադրիչները կուտակվում են մազերի և գլխի մեջ՝ առաջացնելով գրգռում և շերտավորում։

Նա որոշել է փորձարկել և հրաժարվել մազերը լվանալ, փոխարենը նա միայն սանրել է մազերը։ Երկու շաբաթ անց Բեյլին դրանք լվացել է տաք ջրով, առանց որևէ միջոց օգտագործելու։ Ըստ Բեյլիի՝ դա նրան օգնել է ազատվել յուղոտ փայլից։ Հետո բժիշկը սկսել է երեք-չորս օրը մեկ տաք ջրով լվանալ մազերը՝ միաժամանակ մերսելով գլխամաշկը, ինչպես որ անում էր շամպուն օգտագործելիս։ Բեյլի խոսքով՝ դա օգնել է ազատվել գեղեցկության արտադրանքի մնացորդներից ու խթանել գլխամաշկի բնական յուղերի արտադրությունը։ Մազերը դադարել են չոր լինել, թեփն ու քորն անհետացել են։ Նրա խոսքով՝ իրեն հաջողվել է «վերագործարկել ճարպագեղձերը» և օպտիմալացնել դրանց աշխատանքը։ Նա վստահ է, որ չոր կամ վնասված մազերի տերերին այս մեթոդը կարող է օգնել ազատվել խնդիրներից և բարելավել մազերի որակը։

Բեյլին եզրակացրել է, որ լվացող միջոցների օգտագործումից երկու շաբաթ խուսափելը կօգնի ազատվել չափից ավելի չորացումից։ Նա խորհուրդ է տալիս օգտագործել հատուկ մազի խոզանակ, շաբաթը մեկ կամ երկու անգամ մազերը լվանալ ուղղակի տաք ջրով, ակտիվորեն մերսել գլխամաշկը և բնական եղանակով չորացնել վարսերը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հազվագյուտ դեպքերում վարսերը հաճախակի չլվանալը և շամպուն չօգտագործելը կարող է հանգեցնել մազերի ֆոլիկուլների խցանման, տհաճ հոտի կամ թեփի, իսկ հազվադեպ դեպքերում՝ մաշկի վարակների: Ուստի, ընդգծել է նա, շատ կարևոր է կենտրոնանալ սեփական զգացմունքների և առողջական վիճակի վրա։