«Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայ ժողովրդին պետք է խաղաղություն բերեն։
«Առնվազն ուրախությամբ ու հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է, ու այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն բոլոր ժողովրդավարական ուժերը», — ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ժողովրդավարության իրենց առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է, որը շատ ավելի ծանր ու դժվար կամք պահանջող առաքելություն է։
«Ես հավատում եմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը», — նշեց ՀՀ վարչապետը։
«Ժողովրդավարության հայկական ֆորում» վերնագրով միջոցառում անցկացնելու ճիշտ վայրը Հայաստանն է, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է», — ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է ու հենց քաղաքացին է Հայաստանի ժողովրդավարության առանցքային երաշխավորը։
«Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի՝ ինքը որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է», — ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե Հայաստանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը։
«Ես կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստնում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն ու անկյունաքարը», — հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Նշենք նաև, որ միջոցառմանը զուգահեռ, դրսում «Դիմադրություն» շարժումն ակցիա է իրականացնում։ Ընդդիմադիրները Փաշինյանին «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով «ուղեկցեցին» հյուրանոց, որտեղ տեղի է ունենում միջոցառումը, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ արեցին հեռանալ Հայաստանից։